Մատչելիության հղումներ

Հայ և ադրբեջանցի փորձագետներն առաջարկել են վստահության ամրապնդման 30 միջոց. Բենիամին Պողոսյան


Արձանագրելով ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում տրամագծորեն տարբեր դիրքորոշումները՝ հայ և ադրբեջանցի փորձագետներից կազմված խումբն առաջարկել է վստահության ամրապնդման 30 միջոց՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ, որ կմեծացնեն նոր պատերազմ չսկսելու հավանականությունը, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանն։

Վերջին շրջանում Եվրամիության միջնորդությամբ ակտիվացել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ուղիղ շփումները, փորձագետների այս համատեղ աշխատանքն էլ ֆինանսավորել է Եվրամիությունը։ Հայաստանից 3 փորձագետներ են մասնակցել՝ ինքը, Ստեփան Գրիգորյանն ու Ջոնի Մելիքյանը։ Հայերը պնդել են, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, կարգավորման հիմքում պետք է դրվի նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ոչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։

Ադրբեջանցի փորձագետներն, ըստ Պողոսյանի, կա՛մ կրկնել են Ալիևի հայտնի հայտարարությունը, որ Արցախ չկա, կա՛մ իբրև մեծագույն փոխզիջում նշել, որ Արցախին Ադրբեջանի կազմում տրվի մշակութային ինքնավարություն՝ նոյեմբերի 10-ի սահմաններով՝ առանց Շուշիի ու Հադրութի, հեռանկարը, ըստ քաղաքագետի, Ղարաբաղում ռուս խաղաղապահներից ազատվելն է։

«Կան կարճաժամկետ առաջարկներ, կան շատ երկարաժամկետ առաջարկներ, ասենք, ստեղծել Հարավային Կովկասի զարգացման հիմնադրամ՝ միջազգային դոնորների աջակցությամբ: Հասկանալի է, որ դա երկարաժամկետ խնդիր է: Կան նաև կոնկրետ առաջարկներ՝ փորձել քննարկել ինչ-ինչ տնտեսական հնարավոր թեկուզ փոքր սահմանային տարբեր մարզերի միջև ընկած ինչ-որ փոխադարձ տնտեսական ծրագրեր: Եթե մենք խոսում ենք փոխվստահության մասին, առաջին հերթին պետք է շեշտը դրված լինի մշակութային ժառանգության պահպանման վրա՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ տարածքն այս պահին ով է վերահսկում: Կար խնդիր նաև գերեզմանատեղերի այցելության հետ կապված, դրանք կարճաժամկետներն են, որոնք, մենք կարծում ենք, որ եթե իրականան, ապա հնարավորինս կնպաստեն լարվածության թուլացմանը», - ընդգծեց Պողոսյանը:

Վստահության ամրապնդման միջոցների շարքում քննարկվել է նաև կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Պողոսյանը, սակայն, լավատես չէ այս հարցում. «Ադրբեջանցիները ցանկանում են Սյունիքի ճանապարհով երթևեկել այնպես, ինչպես երթևեկում են Բաքվից Սումգայիթ: Այսինքն մտնել Սյունիքի մարզ և այնտեղ չտեսնել ո՛չ հայ սահմանապահ, ո՛չ հայ ոստիկան, ո՛չ հայ մաքսավոր: Իրենց պատկերացմամբ կա՛մ իրենք կստանան դա, կա՛մ ընդհանրապես որևէ ճանապարհային ապաշրջափակում չի լինի»:

Ջոնի Մելիքյանը կենտրոնացել է ապաշրջափակման հնարավորությունների վրա. «Եթե նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկով անվտանգության հարցը ադրբեջանցիների՝ դեպի Նախիջևան լուծումը տրված է, ապա մեր մասով անվտանգային խնդիրը լուծված չէ: Ճիշտ է Երևանից հնչող հայտարարությունը, որ եթե մենք հարյուրավոր միլիոն դոլարներ ենք ներդնելու ենթակառուցվածքի վրա, պետք է վստահ լինենք և որևէ փաստաթղթով այս ամենն ամրագրված լինի, որ մի օր Ադրբեջանի նախագահը չի արթնանա և հայտարարի, որ իրենք այդ ճանապարհից չեն օգտվում, կստացվի, որ մենք որոշ ներդրումներ ենք ապահովել ենթակառուցվածքի տակ ու ոչ մի բան չենք ստանում: Չենք ստանում թե այլ ուղիներ և չենք ստանում նույնիսկ հնարավորություն դեպի Իրան դուրս գալու»:

Մելիքյանի կարծիքով՝ շատ դժվար է հասնել վստահության 44-օրյա պատերազմից, սահմանային միջադեպերից, ադրբեջանական պարբերական ներխուժումներից հետո։ Տեսակետը հայտնել է, եվրոպացիները, ըստ քաղաքագետի, լսողի դերում են եղել։

«Այսօր չլուծելով հումանիտար հարցեր, նույնիսկ ստեղծելով տարբեր խնդիրներ հումանիտար Արցախում՝ գազի հետ կապված, ֆիզիկական անվտանգության, շատ դժվար է պատկերացնել, որ որևէ պրոգրես կարելի է ապահովել ու դրա համար այս աշխատանքը միգուցե մնա աշխատանքային սեղաններում և սպասի ավելի նպաստելի շրջանի», - ասաց Մելիքյանը:

Իրենց ծավալուն զեկույցում փորձագետները եզրահանգել են, որ Հարավային Կովկասում առկա են ինչպես խաղաղության, այնպես էլ պատերազմի համար բոլոր նախապայմանները, ընտրությունը կողմերին է։ Բաքու և Երևան փորձագետների փոխադարձ այց տեղի չի ունեցել, 2 անգամ Վրաստանում են հանդիպել, երրորդը՝ Բրյուսելում։ Մինչ եվրամիության միջնորդությամբ հանդիպում էին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, փորձագետներն իրենց զեկույցն էին ներկայացնում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և եվրոպացի այլ պաշտոնյաներին:

Հայաստանցի փորձագետների խոսքով՝ զեկույցն առաջին հերթին նախատեսված է ԵՄ շրջանակների համար։ Բենյամին Պողոսյանի խոսքով՝ քննարկվում է նաև Երևանում և Բաքվում զեկույցի շնորհանդես կազմակերպելու հեռանկարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG