Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոն. «Մենք ամեն շաբաթ ենք սաստկացնելու սանկցիաները»


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 9 ապրիլի, 2022թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 9 ապրիլի, 2022թ.

Նախապես չհայտարարված այցով Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը հետզհետե հզորացնելու է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

«Մեր գործընկերների հետ միասին մենք ուժեղացնելու ենք տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա: Մենք ամեն շաբաթ ենք սաստկացնելու սանկցիաները: Մենք ոչ միայն սառեցնելու ենք ակտիվներն ու պատժամիջոցներ ընդունելու օլիգարխների դեմ, մենք նաև հրաժարվելու ենք ռուսական ածխաջրածնային էներգակիրներից»,- ասել է Ջոնսոնը:

Վարչապետի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել տնտեսական և պաշտպանական անհրաժեշտ օգնությունը:

«Մենք մտադիր ենք ազատականացնել առևտուրն Ուկրաինայի հետ, հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը, դա կլինի մեր օգնությունը»,- ասել է Բրիտանիայի կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով, Բրիտանիան և գործընկերները տրամադրում են սարքավորումներ, տեխնոլոգիաներ, հետախուզական տվյալներ, որ Ուկրաինա այլևս չներխուժեն, որ Ուկրաինան այնքան պաշտպանված լինի, «որ ոչ ոք չկարողանա ծաղրել, շանտաժի ենթարկել, սպառնալ այդ երկրին»:

Փետրվարի 24-ից սկսած Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 1200 ռուսաստանցի քաղաքական գործիչների, գործարարների, պաշտոնյաների, լրագրողների, ինչպես նաև 18 ռուսական բանկերի նկատմամբ:

Դրանց ընդհանուր ակտիվները հասնում են 940 միլիարդ ֆունտ ստերլինգի, ինչը հավասար է ավելի քան 1 տրիլիոն 200 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Պատժամիջոցներ են գործում Ռուսաստանի Կենտրոնական բանկի և մի շարք կարևոր այլ ֆինանսական կառույցների նկատմամբ:

Բրիտանիան փակել է օդային տարածքը ռուսաստանյան ինքնաթիռների համար, ռուսական նավերն այլևս չեն կարող մտնել բրիտանական նավահանգիստներ, մեծ թվով մասնավոր ընկերություններ դադարեցրել են աշխատանքը Ռուսաստանում, դուրս են եկել ռուսական ծրագրերից և հրաժարվել են այդ երկրում ներդրումներ անելուց:

XS
SM
MD
LG