Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Բորոդյանկա ավանում իրավիճակն էլ ավելի սարսափելի է, քան Բուչայում, որտեղ ռուս զինծառայողները խաղաղ մարդկանց են գնդակահարել:
Տեղացի պաշտոնյաները պնդում են, որ Բորոդյանկայում ռուսներն ավելի քան 300 մարդ են սպանել:
«Բորոդյանկայում ավերակների մաքրման աշխատանքը սկսվել է: Այնտեղ կացությունն էապես ավելի ծանր է, կան ռուս զավթիչների կողմից սպանված ավելի մեծ թվով տեղացիներ: Եվ ի՞նչ կլինի, երբ աշխարհի լիդերներն ամբողջ ճշմարտությունն իմանան Մարիուպոլում ռուս զինծառայողների արաքների մասին: Այնտեղ գրեթե յուրաքանչյուր փողոցում կա այն, ինչ տեսել ենք Բուչայում և Կիևի շրջանի մյուս ավաններում՝ ռուսական ուժերի հեռանալուց հետո: Նույն դաժանությունը, նույն սարսափելի հանցանքները»,- ասել է Զելենսկին:
Ռուսաստանը պնդում է, թե ուկրաինական կողմը կեղծ նյութեր է տարածում Բուչայում տեղի ունեցածի մասին և բեմականացված տեսագրություններով փորձում է վարկաբեկել ռուս զինծառայողներին՝ այդպիսով հրահրել նոր պատժամիջոցներ ու խափանել բանակցությունները: