Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում ամերիկյան շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ աջակցել Ուկրաինային։ Այս մասին ուկրաինական պետության ղեկավարը հայտարարեց անցած գիշեր՝ դիմելով ամերիկյան երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր ամենամյա մրցանակաբաշխության՝ Grammy-ի մասնակիցներին։
«Ես կոչ եմ անում ձեզ՝ պատմել պատերազմի մասին ճշմարտությունը սոցիալական ցանցերի ձեր օգտահաշիվներում և հեռուստատեսության եթերում։ Աջակցեք հնարավոր ցանկացած ձևով, բայց մի լռեք։ Միայն այդ դեպքում է, որ հնարավոր կլինի խաղաղություն հաստատել այն բոլոր ուկրաինական քաղաքներում, որոնք այսօր ենթարկվում են ավերածությունների։ Այդ քաղաքները՝ Խարկովը և Չեռնիգովը, Վոլնովախան և Մարիուպոլը, մյուսները արդեն լեգենդի են վերածվել, սակայն իմ երազանքն է, որ այդ քաղաքները շարունակեն ապրել՝ ապրել նույնքան ազատորեն, որքան դուք՝ Grammy-ի բեմում», - հայտարարում էր Զելենսկին։
«Ի՞նչն է ավելի հակադրվում երաժշտությանը. ավերված քաղաքների և սպանված մարդկանց լռությունը», - ասել է Ուկրաինայի նախագահը տեսաուղերձում։