Մատչելիության հղումներ

Իրատեսական չէ, որ բանակցությունները ներառեն նաև արցախահայության իրավունքները․ Բաղդասարյան


Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը իրատեսական չի համարում, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարող են նաև արցախահայության իրավունքները ներառել։

Այս առաջարկը երեկ հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Բաքվի հինգ կետանոց փաստաթղթի հետ Երևանը համաձայն է՝ փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունը, բայց պատասխան նամակում փոխանցել է, որ կա նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր։

«Եթե Հայաստանի համար արցախահայության իրավունքների ներառումը կարմիր գիծ է, իսկ Ադրբեջանն այդ հարցն ընդհանրապես բացառում է, չեմ կարծում թե հիմա իրատեսական է խոսել նման համայաձայնագրի ստորագրման մասին։ Ճիշտ հակառակը՝ ես կարծում եմ, որ Ադրբեջանը հիմա կօգտվի Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունից, կներկայացնի այնպես, որ Հայաստանն է ապակառուցողական դիրքորոշում որդեգրել, և, դրա հիման վրա, կփորձի ավելի մեծացնել ճնշումը հատկապես Արցախի ուղղությամբ, այսինքն՝ կփորձի այնտեղ ավելի ակտիվորեն իրականացնել Արցախը հայաթափելու իր քաղաքականությունը», - ասաց Բաղդասարյանը։

Վարչապետի ելույթից ժամեր անց Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանից շատ լավ ուղերձներ են ստացվում՝ հույս հայտնելով, որ հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի հետ բրյուսելյան հանդիպմանը այս հարցը ավելի հստակ կդառնա։

Փաշինյանը, մինչդեռ, շեշտում է, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, և Ադրբեջանը, հասկանալով, որ այդ խնդիրը կա ու ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, փորձում է ոչ թե լուծել, այլ փակել այն։

«Իհարկե վարչապետն իրավացի է, բայց այստեղ դա չէ էականը, էականն այն է, թե ինչքանով է դա ընդունում Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը չի ընդունում դա, ավելի նպատակահարմար է համարում հանդես գալ ուժի դիրքից՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, և քանի որ իրադարձություններն իրենց օգտին են զարգանում, նրանք, բնականաբար, փորձելու են ավելին կորզել, կամ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի դիմաց Հայաստանից լրացուցիչ ինչ-որ խոստումներ և զիջումներ կորզել», - ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ լավատես չէ, թե այս հարցը կարող է մտնել օրակարգ։

«Եթե անգամ մտնի օրակարգ, արագ ինչ-որ զարգացումներ սպասել պետք չէ, դա կարող է տևել ամիսներ, իսկ այդ ամիսների ընթացքում Ադրբեջանը փորձելու է էլ ավելի մեծացնել ճնշումները, այսինքն՝ ես կարծում եմ, որ էդ բանակցությունների և՛ նախօրեին, և՛ հաջորդած օրերին, բրյուսելյան հանդիպման նախօրեին, օրինակ, լարվածությունը հակառակը՝ ավելանալու է», -նշեց քաղաքական մեկնաբանը։

Եվրոպական միությունն ակնկալում է, որ Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան նաև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին։ Փաշինյանը ևս հույս է հայտնել ապրիլի 6-ին Ալիևի հետ քննարկել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG