Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից ի վեր առաջին հարցազրույցն է տվել ռուսական մի շարք լրատվամիջոցների՝ «Դոժդ»-ին, «Նովայա գազետա»-ին, «Մեդուզա»-ին և «Կոմերսանտ»-ին։ Նա խոսել է պաշարված Մարիուպոլում տիրող ողբերգական իրավիճակի, ուկրաինական մարտերի ժամանակ զոհված հազարավոր ռուս զինծառայողների դիակների նկատմամբ ռուսական ռազմական հրամանատարության, իր խոսքով, ոչ հարիր վերաբերմունքի մասին, ինչպես նաև բացատրել է, թե ինչ փոխզիջումների է պատրաստ գնալ պատերազմին վերջ տալու համար։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի, ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հարցում Կիևը պատրաստ է համաձայնել։ Նման գործընթաց սկսելու հիմնական պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը պնդում է, որ սրա հետ մեկտեղ մի շարք երկրների առաջնորդներ պետք է երաշխավորեն իր երկրի անվտանգությանը։ Ընդ որում, այդ երաշխիքները ոչ թե պարզապես պետք է գրվեն թղթի վրա, այլ նաև վավերացվեն երաշխավոր երկրների խորհրդարանների կողմից։ Բացի այդ, Ուկրաինայում պետք է համապատասխան հանրաքվե անցկացվի։
Պատասխանելով հարցին, թե այս փուլում ինչպես կձևակերպեր Ուկրաինայի ռազմական նպատակը և ինչպես է պատկերացնում ռազմական հաղթանակը, Զելենսկին հայտարարել է՝ անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել զոհերի թիվը, դուրս բերել զորքերը Ուկրաինայից։ Ընդ որում, Ուկրաինայի նախագահն ընդգծում է, թե համաձայն է, որ ռուսական կողմը թողնի զորքերը մինչև փետրվարի 24-ը ինքնահռչակ հանրապետությունների կողմից վերահսկվող տարածքում․ - «Ես հասկանում եմ, որ անհնար է ստիպել Ռուսաստանին ամբողջությամբ ազատել տարածքը, դա կբերի երրորդ համաշխարհային պատերազմի… Ուստի ես ասում եմ՝ սա փոխզիջում է․ վերադարձեք այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվեց, և այնտեղ մենք կփորձեք լուծել Դոնբասի բարդ հարցը»։
Զելենսկին կեղծ է որակել հայտարարությունները, որ Ուկրաինան պատրաստվում էր հարձակվել Դոնբասի վրա, և հիշեցրել է, որ 2019 թվականից սկսած բոլոր հնարավոր միջոցներով փորձել է Կրեմլին փոխանցել այն միտքը, որ Կիևը չի պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը և Դոնբասը, այլ ցանկանում է բանակցել։
Ուկրաինայում կենսաբանական և քիմիական լաբորատորիաների մասին հաղորդագրությունները Զելենսկին պարզապես «անեկդոտ» է անվանել։
Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տալիս ռուսական լրատվամիջոցներին հրապարակել Զելենսկու այս մեկուկես ժամանոց հարցազրույցը։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը երեկ հայտարարել է, որ «իրավական գնահատական կտան Ուկրաինայի նախագահի հայտարարությունների բովանդակությանը և դրանց հրապարակման փաստին»։
Իր հերթին, «Ռոսկոմնադզոր»-ը նախազգուշացրել է ռուսական լրատվամիջոցներին Զելենսկու հետ հարցազրույցը հրապարակելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշված է համապատասխան հայտարարությունում, «նրա հետ զրույցում ներգրավված լրատվամիջոցների առնչությամբ հետաքննություն է սկսվել»։