Մատչելիության հղումներ

Ուկրաինան ինքը կորոշի՝ զիջե՞լ տարածքներ, թե՞՝ ոչ․ Բայդեն


ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները, Բրյուսել, 24-ը մարտի, 2022թ․
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները, Բրյուսել, 24-ը մարտի, 2022թ․

ԱՄՆ նախագահը, սակայն, հավելել է, թե չի հավատում, որ Ուկրաինան ստիպված կլինի գնալ դրան։

Ուկրաինան ինքը կորոշի՝ զիջե՞լ տարածքներ Ռուսաստանի հետ բանակցություններում, թե՞՝ ոչ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ։

«Դա ամբողջությամբ Ուկրաինայի որոշումն է», - ասել է Բայդենը։
ԱՄՆ առաջնորդը, սակայն, հավելել է, թե չի հավատում, որ Ուկրաինան ստիպված կլինի գնալ դրան։

Ռուս - ուկրաինական բանակցություններում Մոսկվան Կիևից պահանջում է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը և Ղրիմը Ռուսաստանի կազմում։

Ուկրաինայի նախագահն օրեր առաջ հայտարարել էր, թե պատրաստ է նաև այդ հարցերը քննարկել Պուտինի հետ, հավելելով, թե նման պատմական հարցերը, այդուամենայնիվ, պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ հանրաքվեով։

Բրյուսելում երեկ կայացած՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Մեծ յոթնյակի գագաթնաժողովները նվիրված էին Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։

Պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները հայտարարում են, թե շարունակելու են լայնածավալ օգնությունը Ուկրաինային, է՛լ ավելի կոշտ ու կործանարար պատժամիջոցներ են սահմանելու Ռուսաստանի իշխանությունների և տնտեսության դեմ, բայց չեն ուզում ընդլայնել պատերազմական գործողություններին աշխարհագրությունը և գնալ առճակատման միջուկային տերություն Ռուսաստանի հետ։

Իսկ կմիջամտի՞ արդյոք ՆԱՏՕ-ն, եթե ռուսական կողմը Ուկրաինայում քիմիական զենք օգտագործի, ասուլիսի ժամանակ հարցրել են Բայդենին։ «Կլինի համապատասխան արձագանք», - ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը՝ չմանրամասնելով, թե ինչ պատասխանի մասին է խոսքը։

Իսկ մինչ այդ, Բայդենը կոչ է անում դուրս թողնել Ռուսաստանը Մեծ քսանյակից։ «Այդ խնդիրը քննարկել ենք այսօր, դա, սակայն, կարողէ տեղի չունենալ։ Եթե Ինդոնեզիան և այլ երկրներ դեմ լինեն, ապա մենք կարող ենք Ուկրաինային առաջարկել մասնակցել Մեծ քսանյակի հավաքներին», - ասել է ԱՄՆ նախագահը։

Պաշտոնական Մոսկվան պատերազմի մեկնարկից ի վեր շարունակ կրկնում է՝ Ռուսաստանը շատ դաշնակիցներ ունի, և միջազգային մեկուսացման մասին խոսք լինել չի կարող։ Սակայն երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի դեմ պատերազմի համար Ռուսաստանին դատապարտող հերթական բանաձևը, որի քվեարկության ժամանակ Ռուսաստանին աջակցել է միայն 4 երկիր՝ Բելառուսը, Սիրիան, Էրիթրեան և Հյուսիսային Կորեան։ Չինաստանը նորից ձեռնպահ է մնացել։

Բայդենը, ի դեպ, երեկ ասուլիսի ժամանակ կրկին ասել է, թե զգուշացրել է Չինաստանի առաջնորդին Ռուսաստանին օգնելու դեպքում անխուսափելի հետևանքների մասին։

XS
SM
MD
LG