Մատչելիության հղումներ

Կարևոր է, որ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանի ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ հրապարակի. ՀՀ ԱԳՆ


Ադրբեջանի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների հայտարարությունները փաստում են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ։

Պաշտոնական Երևանը միևնույն ժամանակ կարևորել է, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում խաղաղապահների գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, ինչպես նաև խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ ձևակերպի և հրապարակի:

«Ակնկալում ենք նաև, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար», - ասված է հայտարարությունում:

Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են, որ ԼՂ-ի նկատմամբ «Ադրբեջանի սիստեմատիկ բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է»։

«Այսպես, մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը, ինչպես նաև Փառուխ գյուղի հարևանությամբ գտնվող Խրամորթ գյուղի բնակչությանը ադրբեջանական կողմից օրեր շարունակ բարձրախոսներով հնչեցրած և հայկական բնակչությանն ուղղված սպառնալիքները՝ լքելու բնակավայրը։

Այս ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը զուգահեռ աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Ադրբեջանն արդեն մի քանի շաբաթ շարունակ խափանել է կենսական նշանակություն ունեցող գազատարի աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կանգնեցնելով հումանիտար աղետի շեմին: Ավելին՝ էթնիկ զտումների իր ուղեգիծն ամբողջացնելու և արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը նոր թափով իրագործելու համար Ադրբեջանն իր հայտարարություններով պահանջում է դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության ինքնապաշտպանական ուժերը», - նշված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի զինուժը մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Թեև նույն օրը Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, մարտի լույս 25-ի գիշերը և ուրբաթ ցերեկը հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր, երկու կողմից էլ, ըստ Արցախի Պաշտպանության բանակի, կան զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են, պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն այդ ուղղությամբ միջոցներ կձեռնարկեն։ Այդուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակն այսօր հաղորդեց, որ իրավիճակը տվյալ հատվածում կրկին սրվել է, ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ապահովել, ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների։

XS
SM
MD
LG