Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները նշում են, որ պատերազմի պատճառով Ուկրաինան լքած ավելի քան 3.5 միլիոն փախստականներից մոտ կես միլիոնի մոտ սթրեսից և վախից հոգեկան խնդիրներ են առաջացել, և նրանց մասնագիտական օգնություն է պետք:
«Փախստականների թիվն ավելանում է, մոտ կես միլիոնը պատերազմի պատճառով հոգեկան խնդիրներ ունի, մոտ 30 հազարին շտապ հոգեբանական օգնություն է պետք»,- ասել է Լեհաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Պալոմա Կուկին:
Լեհաստան հասնող ուկրաինացի փախստականներից շատերը լուծ և ջրազրկում ունեն, բայց թիվ մեկ խնդիրը նրանց հոգեկան քայքայված վիճակն է:
Լեհաստանում ապաստանել է մոտ 2 միլիոն ուկրաինացի փախստական: Ուկրաինայում ներքին տեղահանվածների վիճակում է ավելի քան 6 միլիոն մարդ:
Փախստականների և ներքին տեղահանվածների թիվը մոտենում է Ուկրաինայի ընդհանուր բնակչության գրեթե մեկ քառորդին, ինչն ԱՀԿ-ի ներկայացուցիչների փոխանցմամբ, Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում աննախադեպ կացություն է: