Մատչելիության հղումներ

«Իմ այստեղ մնալն ու հեռվից հետևելը ճիշտ չէ». Կանադայում ապրող Վարդան Դավթյանը որոշել է վերադառնալ Ուկրաինա


Վարդան Դավթյանը, հետևում թողնելով աշխատանքն ու հանգիստ, խաղաղ կյանքը Կանադայում, որոշել է վերադառնալ պատերազմական Ուկրաինա։ Հայազգի երիտասարդը այդ երկրում է մեծացել, այնտեղ է ապրում նրա ընտանիքի մի մասը։

«Ֆրանսպրես»-ի լրագրողը Դավթյանի հետ զրուցել է նախքան նրա թռիչքը, նա պատմել է, որ նման որոշում է կայացրել, քանի որ չէր կարողանում պարզապես կողքից, միայն լուրերով հետևել Ուկրաինայում տեղի ունեցողին։

«Իմ այստեղ մնալն ու հեռվից հետևելը ճիշտ չէ։ Ո՞վ է նման բան անում և ինչո՞ւ: Ո՞րն է կյանքի իմաստը: Ո՞րն է կյանքի ու մարդկության նպատակը: Հեռվից վախկոտի նման հետևե՞լ, թե ինչպես է քո համայնքը կործանվում», - կարծում է Վարդան Դավթյանը:

37-ամյա Դավթյանը Կանադայի Մանիտոբա նահանգում է ապրում։ Ուկրաինա վերադառնալու որոշման մեջ վստահ է, նաև րոպե առաջ ուզում է հանդիպել այնտեղ ապրող իր հարազատներին, որոնց երեք տարի է՝ չի տեսել։

«Ես ոգևորված եմ նաև, որ կհանդիպեմ իմ ընտանիքին։ Երեք տարի է նրանց չեմ տեսել: Այդ միտքը ինձ ոգևորում է, ու ես ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Շատ դժվար է, երբ հեռու ես քո ընտանիքից։ Կանադայում ապրող ուկրաինացի ընկերներիցս մեկն ասաց, որ ինձ նախանձում է։ Ես հասկանում եմ նրան, քանի որ որոշ մարդիկ ցանկանում են մեկնել Ուկրաինա, բայց չեն կարող, քանի որ այստեղ պատասխանատվություն ունեն», - ասում է Վարդան Դավթյանը:

Հայազգի երիտասարդը իր հետ Ուկրաինա է տանում Կանադայի ուկրաինական համայնքի իր ընկերների պատրաստած օգնության փաթեթը՝ դեղորայք, բժշկական պարագաներ։

«Մանիտոբայի Մորդեն քաղաքի կազմակերպություններից մեկը մեզ բժշկական պայուսակներ և պարագաներ են տրամադրել: Մենք դրանք փաթեթավորելու և ուղարկելու ենք Ուկրաինա։ Դրանք կարող են կյանքեր փրկել։ Այդ ամենի կարիքն իրոք այնտեղ կա», - ասում է կամավոր Եվգենյա Տատարենկոն։

Վարդան Դավթյանը մանրամասն ծանոթ չէ առաջին բուժօգնության պարագաների ցանկին, բայց վստահում է իր կամավոր, բժիշկ ընկերուհուն, որը համակարգում է այս աշխատանքը։ «Հավաքել ենք մեզ նվիրաբերված ամենակարևոր պարագաները, որոնց կարիքը մենք հիմա ունենք», -պատմում է նա։

Կանադայի ուկրաինական համայնքի ներկայացուցիչ, կամավոր Մարինա Պրիստյակոն Վարդանին հերոս է համարում։ «Իրականում, նա իմ հերոսն է, քանի որ հեշտ է ապրել մի երկրում, որտեղ խաղաղ է, իսկ նա ռազմի դաշտ է մեկնում», -ասում է ուկրաինական համայնքի ներկայացուցիչը։

Դավթյանը Ուկրաինա կժամանի առաջիկա չորեքշաբթի, ինչպես ինք է ասում՝ իր պարտքը մատուցելու այն երկրին, որտեղ մեծացել է։

XS
SM
MD
LG