Մատչելիության հղումներ

Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր


Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Արարատ Միրզոյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

Հայաստանի արտգործնախարարությունն անցած շաբաթ հայտարարեց, որ պաշտոնական Երևանը առաջիկայում թերևս կդիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Բաքվի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնեց, որ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ է ներկայացրել Հայաստանին ու սպասում է պատասխանի։ Այս շաբաթվա սկզբին էլ Երևանը հայտարարեց, որ պատասխանել է Բաքվի առաջարկներին ու պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել ՄԽ համանախագահությանը։

Արարատ Միրզոյանն Ժան-Իվ Լը Դրիանին ներկայացրել է Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։

Արցախի ողջ տարածքում 11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում է` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել: Այսօր Արցախից հայտնեցին, որ վերանորոգման աշխատանքներն ավարտված են:

XS
SM
MD
LG