Մոտ ժամանակներս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը կարող է վերաճել երկու պատվիրակությունների միասնական դիրքորոշման։ Այսպիսի կարծիք է հայտնել բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ, ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
«Եթե համեմատենք երկու պատվիրակությունների դիրքորոշումները բանակցություններում դրանց հենց սկզբում և այսօր, կտեսնենք էական առաջընթաց։ Եվ մեկ անգամ ևս գոհունակությամբ կրկնեմ, որ անձամբ իմ սպասելիքներով՝ այդ առաջընթացը կարող է շատ մոտ օրերս վերաճել երկու պատվիրակությունների միասնական դիրքորոշման, ստորագրման ենթակա փաստաթղթերի», - ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սլուցկին։
Ռուս խորհրդարանականն անչափ կարևորել է փաստաթղթերի ստորագրումը, ինչը «հիմք կծառայի ռազմական գործողության ընթացքում լարվածության աստիճանի նվազման և, անշուշտ, շատ մարդկանց փրկության համար»։
Բանակցություններում առաջընթացի մասին են խոսել նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակում։ Գրասենյակի ղեկավարի խորհրդական, բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը, մասնավորապես, Թվիթերում գրել է, որ ռուսական պատվիրակությունն արդեն ոչ թե խոսում է վերջնագրի լեզվով, այլ ուշադրությամբ լսում է Կիևի առաջարկները։
«Հասկանալու համար։ ՌԴ ներկայացուցիչները բանակցություններում արդեն ոչ թե որպես վերջնագիր ասում են ինչ-որ բան, այլ ուշադրությամբ լսում են մեր առաջարկները», - ուկրաինական UNIAN լրատվական գործակալության վկայությամբ՝ գրել է Պոդոլյակը։
Ուկրաինան չի զիջի իր դիրքերը, պնդել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի պաշտոնյան՝ շարունակելով․ - «Մեր պահանջներն են՝ պատերազմի ավարտ և ռուսաստանյան զորքերի դուրսբերում։ Տեսնում եմ, որ կա այդ գործընթացի ըմբռնում և երկխոսություն»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ մարտի 14-ին ռուս - ուկրաինական բանակցությունները կշարունակվեն տեսակապի ձևաչափով։