Մատչելիության հղումներ

Փաստաբանները չեն կարողանում պարզել Ռուսաստանի Առաջին ալիքի աշխատակցի գտնվելու վայրը


Չորս փաստաբաններ, որոնք պատրաստակամություն են հայտնել պաշտպանելու ռուսական Առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյանիկովային՝ անցած ամբողջ գիշերվա ընթացքում չեն կարողացել պարզել նրա գտնվելու վայրը։

«Ագորա» կազմակերպության ղեկավար Պավել Չիկովի ասելով՝ նա ձերբակալվել է և տեղափոխվել Մոսկվայի միլիցիայի բաժանմունք։

Ռուսական պետական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հաղորդում են, որ Քննչական կոմիտեն Մարինա Օվսյանիկովայի դեմ քրեական գործ է հարուցել «ֆեյքերի հոդվածով»՝ Ռուսաստանի բանակի մասին հրապարակային ու դիտավորյալ կեղծ տեղեկատվություն տարածելու համար։

Մարտի 4-ին ընդունված օրենքով մինչև 15 տարվա ազատազրկում է սահմանվել բանակը վարկաբեկելու հրապարակային գործողությունների, դիտավորյալ կեղծ տեղեկատվություն տարածելու համար։

Նախօրեին, ռուսական պետական քարոզչության հիմնական ծրագրի՝ «Վրեմյա» լրատվական հաղորդման ուղիղ եթերի ժամանակ, Մարիա Օվսյանիկովան ստուդիա է մտել ու հաղորդավարի ետևում մի պաստառ պարզել, որի վրա ռուսերեն ու անգլերեն գրված էր․ «Ոչ պատերազմին։ Մի հավատացեք քարոզչությանը։ Այստեղ ձեզ խաբում են»։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Մարիա Օվսյանիկովայի ակցիայի մասին այսօր ասել է, որ դա «խուլիգանություն էր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG