Այսօր, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության, հայկական կողմի «պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է»։
Այս շաբաթասկզբին ևս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող, նրանցից մեկը մահացել էր: