Ապրիլին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Այս մասին գերծադիրի ղեկավարն ասաց կառավարության այսօրվա նիստում՝ հստակ օր չնշելով։
Այցը, ըստ Փաշինյանի, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում է։
«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել փետրվարի 26-ին։ Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ, ինչպես նաև անդրադարձել Ռուսաստան Հայաստանի վարչապետի՝ ապրիլին սպասվող պաշտոնական այցի օրակարգի հարցերին։