Մատչելիության հղումներ

Մոսկվայի քաղաքապետարանը մերժել է պատերազմի դեմ երթ անցկացնելու հայտը


Ոստիկանները ձերբակալում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, Մոսկվա, 24 փետրվարի, 2022թ.
Ոստիկանները ձերբակալում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, Մոսկվա, 24 փետրվարի, 2022թ.

Մայրաքաղաքի իշխանությունը մերժել է նաև ազգայնականների ակցիայի անցկացումը:

Մոսկվայի քաղաքապետարանը պաշտոնապես մերժել է Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտելու նպատակով մարտի 12-ին բողոքի երթ անցկացնելու «Յաբլոկո» կուսակցության դիմումը, որում երթի նպատակը նշվել է որպես «մոսկվացիների վերաբերմունքը հատուկ գործողության նկատմամբ»:

Ռուսաստանի իշխանություններն արգելում են Ուկրաինայի պարագայում կիրառել «պատերազմ» եզրույթը:

Քաղաքապետարանը մերժել է նաև մի խումբ ռուս ազգայնական հրապարակախոսների կողմից ներկայացված «Ժողովրդի և բանակի համերաշխության երթ» անվամբ միջոցառման հայտը:

Երկու մերժումներն էլ պատճառաբանվել են «համաճարակաբանական իրավիճակի» հանգամանքով:

Ընդ որում՝ ճիշտ նախօրեին Մոսկվայի իշխանությունները նշել են, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարելավվում է և չեղարկել են սահմանափակումների մեծ մասն, այդ թվում՝ հանրային վայրերում QR-կոդեր ներկայացնելու պահանջը:

Մոսկվայում և ռուսաստանյան մի շարք այլ քաղաքներում փետրվարի 24-ից սկսած տեղի են ունենում ցույցեր և երթեր պատերազմի դեմ, ձերբակալված են հազարավոր ակտիվիստներ:

Այս օրերին տարածվում է մարտի 6-ին խոշոր երթ անցկացնելու կոչը: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը նախազգուշացնում է ապօրինի զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար նախատեսված դատական պատասխանատվության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG