Մատչելիության հղումներ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տալիս


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից, հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից», - հայտարարել է Արմեն Սարգսյանը:

Նա շեշտում է, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

«Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից», - նշում է Արմեն Սարգսյանը:

Ինքը` Սարգսյանը նշում է` կարող է հարց առաջանալ, թե ինչու հրաժարական չտվեց 2018-ի գարնանը` հեղափոխությունից հետո: «Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը», - բացատրում է նախագահը:

Նա պնդում է` չի կարողացել ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք երկրին հասցրել են ներկայիս ճգնաժամին, քանի որ համապատասխան գործիքների պակաս կա:

Արմեն Սարգսյանը նշում է` ինքն առաջարկել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը:

Ուրախությամբ է արձանագրում, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, հույս է հայտնում, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:

Բացի այդ, Արմեն Սարգսյանն ընդգծում է, որ իրականությունն այնպիսին է, որ «պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից»: «Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա», - իր հայտարարության մեջ նկատում է նա:

Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել է Ազգային ժողովի կողմից 2018-ի մարտի 2-ին: Ապրիլի 9-ին ստանձնել է այդ պաշտոնը:

Այս աշնանը իր հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ լինի նախագահական, թե խորհրդարանական, շատ կարևոր է կառավարման հավասարակշռումը: «Եթե մենք ամեն դեպքում Սահմանադրությունը փոխենք, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի: Եթե մենք նման որոշում կայացնենք և նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ դա ինձ կամ իմ իշխանության համար չէ, այլ՝ նրա համար, որ մեր երկրի համար ավելի հեշտ և լավ լինի»:

Համաձայն Սահմանադրության` հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից: Նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նրա լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG