Կիևում հրթիռակոծվել է բնակելի բազմահարկ շենք: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ տուժել է վեց մարդ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ շենքը գտնվում է Լոբանովսկի պողոտայում՝ Ժուլյանի օդանավակայանից չորսուկես կիլոմետր հեռավորության վրա։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ երկու հրթիռային հարված է հասցվել բազմահարկ շենքին։ Երկրորդ հրթիռը դիպել է շենքի ներքևի հատվածին:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Թվիթերում արված գրառմամբ կոչ է արել «ամբողջովին մեկուսացնել Ռուսաստանը»։
«Կիևը վերապրեց ևս մեկ գիշեր ռուսական ցամաքային զորքերի և հրթիռների հարձակման տակ: Դրանցից մեկը հարվածեց Կիևի բնակելի շենքին: Ես աշխարհից պահանջում եմ ամբողջովին մեկուսացնել Ռուսաստանի Դաշնությունը: Վտարեք դեսպաններին: Նավթի էմբարգո: Ոչնչացրեք ռուսական տնտեսությունը», - գրել է Ուկրաինայի արտգործնախարարը: