Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով՝ բազմաթիվ չվերթներ չեղարկվում կամ հետաձգվում են։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն այսօր մարդաշատ չէր, մեկնողների թիվն էլ՝ քիչ։ Ուկրաինայի օդային տարածքը փակ է, չվերթներ չեն կարող իրականացվել, իսկ դեպի ռուսական քաղաքներ և հակառակ ուղղությունները հիմնականում հետաձգվել էին:
«Տեղեկացրել են առավոտյան շատ շուտ՝ 8-ին, մենք «Աերոֆլոտ»-ից ստացանք SMS ու զանգ, որ չվերթը ուշանալու է։ Եվ ավելի երկար ճանապարհով ենք գնալու, այսինքն՝ չվերթը պետք է տևեր 3 ժամ, հիմա կտևի մոտ 4 կամ 4-ից մի փոքր ավելի», - ասաց մեկնել պատրաստվող քաղաքացիներից մեկը։
Տեղական «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն ասում է՝ ինչպես դեպի Ռուսաստան չվերթներ իրականացնող բոլոր ավիաընկերությունների պարագայում, այնպես էլ «Արմենիայի» պարագայում՝ Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ չվերթներն ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանի օդային տարածքը մասնակի փակ Է, ինչի հետևանքով՝ չվերթն իրականացվում է առավել երկար երթուղով։
«Քանի որ Ռուսաստանի օդային տարածքի մասնակի փակ լինելը շեղել է նախօրոք գծագրված երթուղուց, հիմա այլընտրանքային երթուղի է առաջարկվում ոչ միայն մեր ավիաընկերությանը, այլ բոլոր այն ավիաընկերություններին, ովքեր Հայաստանից դեպի Ռուսաստան օդային հաղորդակցություններ՝ չվերթներ են իրականցնում, հետևաբար չվերթի տևողությունը մոտավորապես 40-45 րոպե ավելի երկար է տևում», - նշեց Խաչատրյանը։
Սա ավիաընկերության համար հավելյալ ֆինանսական ծախս է, ասում է փոխտնօրենը, միևնույն ժամանակ ընդգծում, որ այդուհանդերձ տոմսերի գինը դեռ չի փոխվել։
«Երբ որ չվերթը հաշվարկվում է 2 ժամ 30 րոպե տևողության համար այլ ֆինանսական ծախս է, երբ որ չվերթի տևողությունը երկարում է հավելյալ 50 րոպե, դա, իհարկե, ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում ավիաընկերության համար», - նշեց Գևորգ Խաչատրյանը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ Ուկրաինայի օդանավակայաններից զատ՝ այս պահին խնդրահարույց գոտիներ են շարունակում մնալ Ռուսաստանի հարավի՝ Ռոստովի, Կրասնոդարի օդանավակայանները, դրանք փակ են, հետևաբար բոլոր չվերթները չեղարկված են։ Քաղաքացիական ավիացիայից չվերթների վերաբերյալ նախապես տեղեկատվություն չեն կարող հաղորդել, նշում են՝ դրանք ժամ առ ժամ փոփոխվում են ու կախված են ռազմական գործողություններից։