Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները համաձայնեցրին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ
Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ՝ Ուկրաինա ներխուժելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Բրյուսելի նոր պատժամիջոցները կազդեն ռուսական բանկային հատվածի և խոշոր պետական ընկերությունների 70 տոկոսի վրա՝ ներառյալ ռազմական արդյունաբերությունը։

Եվրամիությունը նախատեսում է արգելել նավթի արտահանումը և «անհնարին դարձնել Ռուսաստանի համար իր նավթավերամշակման գործարանների բարելավումը»:

Բացի այդ, ԵՄ-ը կարգելի օդանավերի և ավիացիոն տեխնիկայի վաճառքը ռուսական ավիաընկերություններին։ Պատժամիջոցների փաթեթը նախատեսում է նաև Ռուսաստանին կիսահաղորդիչների և ծրագրային ապահովման վաճառքի սահմանափակում։

Ռուս դիվանագետներն ու գործարարներն այլևս չեն կարողանա արտոնյալ կարգով ԵՄ մուտքի վիզաներ ստանալ:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության կողմից հայտարարված պատժամիջոցներից բացի, Ֆրանսիան սեփական պատժամիջոցները կսահմանի Ռուսաստանի դեմ։ Դրանք կազդեն Ռուսաստանի մի շարք քաղաքացիների վրա: Այդ պատժամիջոցների մասին կհայտարարվի ավելի ուշ։ Բացի այդ, Ֆրանսիան Կիևին կտրամադրի ռազմական տեխնիկա և 300 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնություն։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

XS
SM
MD
LG