- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինան և Ռուսաստանը գերիների փոխանակում են կատարել առաջին անգամ այն բանից հետո, երբ Ռուսաստանը անցած շաբաթ լայնամասշտաբ ռազմական հարձակում գործեց Ուկրաինայի դեմ:
«Ազատության» ուկրաինական ծառայությունը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնում է, որ փոխանակումը տեղի է ունեցել Ուկրաինայի հյուսիս-արևելյան Սումի շրջանում։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Կիևում հեռուստաաշտարակի մերձակայքում պայթյուններ են հնչել: Ըստ Ներքին գործերի նախարարության, այն հրթիռակոծվել է, զոհվել է առնվազն 5 մարդ, կան վիրավորներ։
385 մետրանոց աշտարակը չի վնասվել, հեռարձակումները, սակայն, դադարեցվել են։ Ըստ տեղական լրատվամիջոցների, իշխանություններն այժմ փորձում են անցնել «պահուստային հեռարձակման»։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Կիևի հեռուստաաշտարակի մերձակայքում, որը ըստ երկրի ՆԳՆ-ի հրթիռակոծվել է, գտնվում է Բաբի Յառը, որտեղ գերմանացի նացիստները տասնյակ հազարավոր մարդկանց զանգվածային սպանդ են իրականացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
«Ես դիմում եմ աշխարհին՝ ի՞նչ իմաստ ունի 80 տարի ասել՝ այլևս երբեք, եթե հիմա, երբ բոմբն ընկնում է Բաբի Յառում, աշխարհը լուռ է։ Պատմությունը կրկնվում է», - Թվիթերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ռուսաստանը պատրաստվում է բելառուսական զորք մտցնել Ուկրաինա, այսօր հայտարարել է այդ երկրի ռազմական հետախուզությունը։ Ըստ հաղորդագրության, Կրեմլը հատուկ ծրագրեր է կազմում, որպեսզի արդարացնի բելառուսական զորքի ներխուժումը։
Սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ մասնավորապես, ասվում է, որ ըստ տվյալների, Ուկրաինայի հետ սահմանին այժմ տեղակայվել են մոտ 300 բելառուսական տանկեր։
Այս հաղորդագրությունից մոտ մեկ ժամ առաջ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, թե «Բելառուսի բանակը կազմ ու պատրաստ է, և եթե վտանգ լինի, ինքը կարող է 2-3 օրում զորքը մոբիլիզացնել»։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ է դադարեցնել պատերազմը Ուկրաինայի դեմ։
«Կիևը պետք է ճանաչի Լուգանսկի և Դոնեցկի «ժողովրդական հանրապետությունները», Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմում, ապառազմականացվի և պարտավորվի հետագայում չհամալրել զինանոցը միջուկային զենքով»,- ասել է Պուտինը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ զրույցում։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ուկրաինայի նախագահը հորդորում է Արևմուտքին անվտանգության երաշխիքներ տալ իր երկրին։
«Եթե մեր դաշնակիցները պատրաստ չեն Ուկրաինան դարձնել ՆԱՏՕ-ի անդամ այն պատճառով, որ Ռուսաստանը դա չի ուզում, ապա պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծեն։ Դա նշանակում է, որ մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները պետք է պաշտպանվեն, մենք հատուկ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ և լինենք լիակատար անվտանգ»,- ասել է Զելենսկին:
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Մոսկվայի իշխանությունները պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քաղաքում կարգուկանոն պահպանելու համար, այսօր հայտարարել է Սերգեյ Սոբյանինը։ Քաղաքապետը զգուշացրել է, թե «փողոցային անկարգություններ կազմակերպելու բոլոր փորձերը հետևողականորեն կկասեցվեն»։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Ռոսկոմնադզորից պահանջել է արգելափակել «Էխո Մոսկվի» ռադիոկայանն ու «Դոժդ» հեռուստաալիքը։
Պաշտոնական հաղորդագրությունը պնդում է, թե իբր լրատվամիջոցները «կեղծ տեղեկություններ են հրապարակում ռուս զինվորականների գործողությունների մասին», որոնց նպատակն է «պաշտպանել» Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։
Ըստ «Նովայա գազետայի», այս լրատվամիջոցների կայքերն արդեն արգելափակվել են։ «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնել է, որ ռադիոկայանը նաև եթերազրկվել է։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն անում են ամեն ինչ Վրաստանն ռուս - ուկրաինական պատերազմի մեջ ներքաշելու համար», - պնդում է պաշտոնական Թբիլիսին։ Երեկ երեկոյան նման հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։
«Ցանկանում ենք հանրությանը բացատրել, որ Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձերը, որոնց առնչություն ունեն ապակառուցողական ընդդիմությունն ու Ազգային միացյալ շարժումը, ցավոք սրտի չեն դադարում։ Այդ ուժերի նպատակը մեր երկրի տարածքում պատերազմի սանձազերծումն է։ Դա կառավարվող մի գործընթաց է, որի հետևում կանգնած են ապակառուցողական ընդդիմության թե՛ Թբիլիսիում և թե՛ Կիևում գտնվող անդամները», - հայտարարում էր Դարչիաշվիլին։