- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այս գիշեր ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել ուկրաինական Ժիտոմիր քաղաքի բնակելի թաղամասին։ Երկու մարդ մահացել է, տասը տուն է ավերվել։
Պատերազմի առաջին օրից՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 136 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 13 երեխա, 400-ը վիրավորվել են, մեծ մասը՝ օդային հարվածների հետևանքով, Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Թրոսելը։
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Միացյալ Նահանգների իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի երեկոյան ամենամյա ուղերձով հանդես գալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև։
Վաշինգտոնը նաև Կիևին կհատկացնի 1 միլիարդ դոլարից ավելի օգնություն:
«Պուտինը պատկերացում անգամ չունի, թե ինչ է իրեն սպասում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ ամերիկյան զինուժը Ուկրաինայում չի կռվի, սակայն մոբիլիզացվել են բոլոր ուժերը՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ի անդամ պետությունները:
Երեքշաբթի օրը ավելի վաղ United Airlines-ը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Ռուսաստանի օդային տարածքում՝ միանալով ամերիկյան այլ խոշոր ավիափոխադրողներին՝ Delta-ին, American Airlines-ին և UPS-ին:
Հաղորդվում է նաև, որ ամերիկյան Apple ընկերությունը դադարեցնում է ապրանքների վաճառքը Ռուսաստանում: Բացի այդ, ռուսաստանցիների համար կսահմանափակվեն Apple pay համակարգով վճարումները:
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով արգելվել է 10 հազար դոլարից ավելի գումարի դուրսբերումը երկրից:
Ըստ Կրեմլի, սա լրացուցիչ միջոց է՝ երկրում ֆինանսական կայունությունն ապահովելու համար:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Boeing-ը հայտարարել է ռուսական ավիաընկերությունների հետ աշխատանքը դադարեցնելու մասին:
Ընկերությունը դադարեցնում է ռուսական ավիափոխադրողներին պատկանող կամ վարձակալված ինքնաթիռների պահեստամասերի մատակարարումը և սպասարկումը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կանադան փակում է իր ջրերը ռուսական նավերի համար: Արգելքը վերաբերում է ռուս սեփականատերերին պատկանող նավերին և Ռուսաստանում գրանցված նավերին:
Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալհաբրան երեկ ասել է, որ փոքր թվով ռուսական նավեր են մտնում Կանադայի ջրեր և նավահանգիստներ, սակայն Կանադայի գործողությունները որոշակի ազդեցություն կունենան, հատկապես, եթե այլ պետություններ նման քայլեր ձեռնարկեն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում հանդես եկավ Կոնգրեսի երկու պալատներին հասցեագրված Երկրի կացության մասին իր առաջին ամենամյա ուղերձով՝ մասնավորապես հայտարարելով․ - «Վեց օր առաջ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը փորձեց ցնցել ազատ աշխարհի հիմքերը՝ մտածելով, թե իր ուզած սպառնալից եղանակով կարող է փոխել աշխարհը: Նա չարաչար սխալվեց: Նա տանկեր ուղարկեց Ուկրաինա՝ ենթադրելով, թե աշխարհը շուռ կտա, բայց փոխարենը հանդիպեց պատին, որի մասին չգիտեր՝ դա Ուկրաինայի ժողովուրդն է՝ նախագահ Զելենսկուց մինչև շարքային ուկրաինացի: Նրանք ցուցաբերում են ամբողջ մարդկությանը ոգեշնչող անվախություն, խիզախություն և վճռականություն»:
ԱՄՆ-ի ղեկավարի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը կոպիտ սխալ է գործել, չի կանխատեսել, որ Արևմուտքն ու աշխարհի մեծ թվով երկրներ կմիավորվեն և կսատարեն Ուկրաինային:
Բայդենը խոսել է Վաշինգտոնի նոր որոշումների մասին։
«Պուտինի ագրեսիայի արդյունքում Ռուսաստանը կտկարանա, իսկ աշխարհը կհզորանա», - վստահեցրել է ԱՄՆ նախագահը:
Ջո Բայդենը վերստին նշել է, որ ամերիկյան զորք Ուկրաինա չի մեկնի, բայց ամերիկացիները կմեկնեն Եվրոպա, և ՆԱՏՕ-ն կպաշտպանի դաշինքի երկրների տարածքի ամեն մի թիզը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայր կժամանի չորեքշաբթի օրը երեկոյան ժամերին և պատրաստ կլինի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այսօր օրվա երկրորդ կեսին, երեկոյան կողմ, մեր պատվիրակությունը կլինի տեղում: [Կսպասեն] ուկրաինացի բանակցողներին: Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան», - ասել է Պեսկովը:
Նոր հանդիպման վայրի մասին ճշտող հարցին ի պատասխան՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նախապես չի ասի։
Պաշտոնական Կիևն առայժմ չի հաստատել իր մասնակցությունը բանակցությունների երկրորդ փուլին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել է, որ բանակցություններից առաջ Ռուսաստանը պետք է դադարեցնի ուկրաինական քաղաքների ռմբակոծությունները։
Պատերազմի յոթերորդ օրը Կիևը դիմավորում է վատթարագույնին պատրաստության վիճակում. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի օբյեկտներին «ճշգրիտ հարվածներ» հասցնելու պլանների մասին:
Կիևի հյուսիսային մատույցներում ռուսական զրահատեխնիկայի մեծ կենտրոնացման մասին հաղորդագրություններ են ստացվել, և ռուսական հրամանատարությունը հայտնել է, որ քաղաքացիական անձինք կարող են լքել քաղաքը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
"Сбербанк"-ը հայտարարում է եվրոպական շուկայից դուրս գալու մասին։
«Ներկա իրադրության մեջ "Сбербанк"-ը որոշել է դուրս գալ եվրոպական շուկայից: Խմբի դուստր բանկերը բախվել են միջոցների աննորմալ արտահոսքի, աշխատակիցների և մասնաճյուղերի անվտանգությանը սպառնալիքի», - ասված է բանկի տարածած հայտարարությունում:
Նշվում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրամանի պատճառով "Сбербанк"-ը չի կարողանա լիկվիդայնություն մատակարարել եվրոպական դուստր բանկերին։
«Միևնույն ժամանակ, "Сбербанк"-ի դուստր բանկերն ունեն կապիտալի և ակտիվների բարձր մակարդակ, հաճախորդների ավանդներն ապահովագրված են տեղական օրենսդրության համաձայն: Բանկի ակտիվները բավարար են բոլոր ավանդատուներին վճարումներ կատարելու համար», - ասված է հայտարարությունում: