- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է Եվրախորհրդարանին աջակցել ԵՄ անդամ դառնալու՝ իր երկրի ցանկությանը։ Հատուկ նիստում դիմելով եվրոպացի պատգամավորներին՝ Զելենսկին պնդել է՝ Ուկրաինան պայքարում է՝ Եվրոպայի լիիրավ անդամ դառնալու համար։
«Կարծում եմ, որ այսօր մենք բոլորին ի ցույց ենք դնում՝ ինչ ենք ուզում և ինչի ենք ձգտում։ Եվրամիությունը, անկասկած, մեզ հետ շատ ավելի ուժեղ կլինի», -հայտարարել է նա՝ դատապարտելով ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանն անվանել է «ահաբեկչական պետություն»։ Զելենսկիի մեղադրանքները հաջորդում են երեքշաբթի օրը Խարկովի կենտրոնական հրապարակում կառավարական շենքի հրթիռակոծմանը, որը Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «բաց, անթաքույց ահաբեկչություն» է:
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում` հնդիկ ուսանող։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է Կիևի վրա հարվածներ հասցնելու մասին։
Նախարարության հայտարարության համաձայն՝ հարվածներ կհասցվեն Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող անվտանգության ծառայության մի շարք շենքերի։ Ռուսական կողմը շենքերում (որոնք թվարկվել է հաղորդագրությունում) աշխատող և մոտակայքում ապրող քաղաքացիներին հորդորում է լքել իրենց տներն ու տարածքը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Վրաստանը փորձում են ներքաշել հակամարտության մեջ, այս մասին հայտարարել է երկրի իշխող ուժի ղեկավար Իրակլի Կոբախիձեն` մեկնաբանելով Ուկրաինայի որոշումը՝ դեսպանին Թբիլիսիից հետ կանչելու վերաբերյալ։
«Մենք, Վրաստանը չենք ներքաշվի ռազմական հակամարտության մեջ։ Ուղիղ փորձ եղավ՝ Ուկրաինա կամավորների գործուղումը կազմակերպելու առումով, որպեսզի մեզ ներքաշեն ռազմական հակամարտության մեջ։ Դա չհաջողվեց, դրան հաջորդեց դեսպանի հետկանչը, և սա տխուր քայլ է», - ասել է Կոբախիձեն։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ը 1,7 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն է ցանկանում տրամադրել Ուկրաինային:
«Սա ամենամութ ժամն է Ուկրաինայի ժողովրդի համար», - հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հանձնակատար Մարտին Գրիֆիթսը՝ կոչ անելով պաշտպանել հասարակ ուկրաինացիների կյանքն ու արժանապատվությունը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 660 հազար փախստական է լքել Ուկրաինան՝ Ռուսաստանի չհրահրված հարձակումից ի վեր, մոտ մեկ միլիոն էլ համարվում է ներքին տեղահանված։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ և կոչ արել Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատել` մարդասիրական նկատառումներից ելնելով։
Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ Աքարը Շոյգուի հետ զրույցում նաև հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ջանքերը տարածաշրջանային խաղաղության և մարդասիրական օգնության առաքման համար։