Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:37 21.8.2023

Դանիան պարտավորվել է Ուկրաինային փոխանցել 19 միավոր F-16 ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետը՝ Ուկրաինայի նախագահի այցի ժամանակ։

Մատակարարումը տեղի կունենա աստիճանաբար՝ 6-ը կհասնեն Ամանորին մոտ, 5-ը՝ հաջորդ տարվա ընթացքում: Այս ամենը կապված է ուկրաինացի օդաչուների վերապատրաստման, ինչպես նաև ԱՄՆ-ից Դանիայի ռազմաօդային ուժերին F-35 կործանիչների մատակարարման հետ՝ F-16-ները փոխարինելու համար։

Վլադիմիր Զելենսկին այցելել է Նիդերլանդներ, հետո՝ Դանիա։ Այս երկրների ղեկավարների հետ նրա հանդիպումների հիմնական թեման եղել է F-16 կործանիչների մատակարարումը։

Նիդերլանդները սկզբունքորեն համաձայնել է Ուկրաինային փոխանցել 42 կործանիչ, սակայն դեռ հայտնի չէ, թե տեխնիկապես բոլորը որքանով են պատրաստ։

14:33 21.8.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է Մոսկվայի մերձակայքում երկու անօդաչու թռչող սարքի վնասազերծման մասին:

Հայտարարությանունում ասվում է. - «Օգոստոսի 21-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:16 Կիևի ռեժիմի կողմից ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը խափանվել է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է Մոսկվայի մարզի Իստրա շրջանի տարածքում»։

Այսօր ավելի վաղ գերատեսչությունը հաղորդել էր ժամը 6:50-ի սահմաններում ՀՕՊ ուժերի կողմից Մոսկվայի շրջանի տարածքում ևս մեկ անօդաչու թռչող սարք հայտնաբերելու և ռադիոէլեկտրոնային սարքերի միջոցով ճնշելու մասին։ Կորցնելով կառավարումը՝ անօդաչուն վթարի է ենթարկվել, տուժածներ չկան, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Պաշտպանության նախարարության համաձայն՝ դրոնն ընկել է Պոկրովսկոյե գյուղի մոտ՝ Մոսկվայից մոտ 65 կիլոմետր դեպի արևմուտք։ Իստրա շրջանն ավելի մոտ է Մոսկվային։

Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում դադարեցվել են թռիչքները: «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները վերսկսել են օդանավերի ընդունումն ու ճանապարհումը ժամը 8:30-ից, սահմանափակումները հանվել են, գրում է "Коммерсантъ"-ը՝ վկայակոչելով օդանավակայանների ներկայացուցիչներին։

Հեռուստահաղորդավար, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնում է, որ առավոտյան Մոսկվայի մարզում խոցված անօդաչուն ընկել է իր տան մոտ։ «Իստրա թաղամասում խոցված անօդաչու թռչող սարքն ընկել է մեր կողքի փողոցում։ Շնորհակալություն մեր հակաօդային պաշտպանությանը, որ զոհեր և ավերածություններ չկան», - գրել է նա իր Տելեգրամ ալիքում՝ հրապարակելով լուսանկար։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որ երկու մարդ վիրավորվել է Իստրայում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով, նրանցից մեկը հոսպիտալացվել է։

01:56 21.8.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Նիդեռլանդներ։ Տելեգրամի իր էջում նա գրել է, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ բանակցություններում պայմանավորվել են 42 հատ F-16 կործանիչ ստանալ ուկրաինացի օդաչուների ու տեխնիկների վերապատրաստումից հետո։

«Կլինեն Ուկրաինայի երկնքում։ Շնորհակալություն, Նիդեռլանդներ, շնորհակալություն Մարկո։ Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնում են։ Հաղթելու ենք»,- գրել է Զելենսկին։

Նա Նիդեռլանդներ է ժամանել Շվեդիայից, որտեղ նախօրեին հանդիպում էր ունեցել Շվեդիայի վարչապետի հետ։

01:55 21.8.2023

Անօդաչու թռչող սարքը բախվել է Կուրսկի երկաթուղային կայարանի տանիքին, որից հետո այն բռնկվել է, հայտնել է մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ Ապակու բեկորներից 5 հոգի թեթև վնասվածքներ է ստացել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է մեկ այլ ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի մասին, որը ենթադրաբար ուղղվել է դեպի Մոսկվա և խոցվել Մոսկվայի մարզում։ Զոհեր և ավերածություններ չկան։

Նաև կիրակի առավոտյան Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը գրել է, որ երեք կամիկաձե անօդաչու թռչող սարքեր են խոցվել տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Նախօրեին ուկրաինական անօդաչու թռչող սարքը հաջողությամբ գրոհել էր Նովգորոդի մարզում գտնվող ռազմական օդանավակայանը՝ խոցվել էր առնվազն մեկ ինքնաթիռ։

01:54 21.8.2023

Ուկրաինայից հացահատիկի արտահանումը նվազել է մեկ երրորդով հացահատիկի գործարքի կասեցումից հետո, հայտնում է Bloomberg-ը։

«Օգոստոսի 15-ի դրությամբ Ուկրաինային հաջողվել է չորս շաբաթվա ընթացքում արտահանել 3,2 միլիոն տոննա հացահատիկ, բուսական յուղեր և ալյուր, ինչը 4,4 և 4,8 միլիոն տոննայով պակաս է մայիսի և հունիսի տվյալներից, երբ դեռ գործում էր սևծովյան գործարքը», ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը, Թուրքիան և Քաթարը նոր համաձայնագիր են պատրաստում հացահատիկի գործարքը փոխարինելու համար։ Ըստ հրատարակության՝ Մոսկվան նախապես զգուշացրել է Անկարային հացահատիկի գործարքից դուրս գալու մասին, իսկ Ռուսաստանը, Թուրքիան և Քաթարը ներկայումս աշխատում են նոր եռակողմ համաձայնագրի վրա։ Այն առաջարկում է ռուսական հացահատիկ մատակարարել աղքատ երկրներին, հիմնականում Աֆրիկայում։

Ըստ Bild-ի՝ նոր գործարքը կարող է կնքվել այս շաբաթավերջին Բուդապեշտում։

21:18 19.8.2023

Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում շաբաթ օրը առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում` 6-ամյա երեխա, ևս 90 մարդ վիրավորվել է, երբ ռուսական ուժերը հրթիռակոծել են քաղաքի կենտրոնը։ Վիրավորվածների թվում ևս 12 երեխա կա ու ոստիկանության 10 աշխատակից։

Այս տվյալները հրապարակել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, նշելով, որ քաղաքի կենտրոնը հրթիռակոծվել է, երբ մարդիկ գնում էին եկեղեցի` կրոնական տոնը նշելու համար։

«Մեր Չեռնիգովը ռուսական հրթիռը հարվածել է հենց քաղաքի կենտրոնին, հրապարակը, պոլիտեխնիկ ինստիտուտը, թատրոնը։ Սովորական շաբաթ օր, որը Ռուսաստանը վերածեց ցավի ու կորստի օրվա», - Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

21:17 19.8.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանում մեկ օդանավ է վնասվել, ինչպես նաև տարածքում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Տուժածներ չկան։

Մոսկվայից հյուսիս-արևմուտք ընկած Նովգորոդի մարզը հարյուրավոր կիլոմետրերով հեռու է ռազմաճակատային գծից։

21:16 19.8.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ ժամանել է Ստոկհոլմ։

Սոցցանցում նա գրել է, որ Շվեդիա է մեկնում՝ շնորհակալություն հայտնելու բոլոր շվեդներին Ռուսաստանի չհրահրված ներխուժման դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու համար։ Զելենսկին հայտնել է, որ հանդիպելու է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին, թագավորական ընտանիքին և բարձրաստիճան այլ պաշտոնյաների։ Նա նշել է, որ Շվեդիան Ուկրաինային աջակցող արևմտյան 11 երկրների կոալիցիայի անդամներից է և անցած ամիս խոստացել է ուկրաինացի օդաչուներին պատրաստել F-16 կործանիչների համար։

Անցած շաբաթ Շվեդիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պլանավորվում է ևս 313,5 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որը ներառում է զինամթերք ու նախկինում մատակարարված սպառազինությունների պահեստամասեր։

21:15 19.8.2023

Գիշերը ռուսական ուժերը երեք հրթիռ են արձակել ու 41 ավիացիոն հարված հասցրել Ուկրաինայում, հաղորդում է ուկրաինական Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Ուկրաինայի օդուժը հաղորդում է նաև իրանական «Շահեդ» հարվածային անօդաչուների հարձակման մասին, պնդելով, որ 17 անօդաչուներից 15-ը ոչնչացվել են։

Ուկրաինական լրատվամիջոցներն ու Տելեգրամ ալիքները հաղորդում են Կիևում պայթյունի մասին՝ հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր։ Այս պահին պաշտոնական հաղորդագրություն չկա։

Օդային տագնապ Կիևում չէր հնչել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ասելով՝ դեռևս չպարզված պատճառով պայթյունը տեղի է ունեցել Կիևի մարզի արդյունաբերական գոտում։

Ռուսական ուժերի վերջին հարձակումների հետևանքները ճշգրտվում են։

21:13 19.8.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դոնի Ռոստով, որտեղ խորհրդակցություն է անցկացրել «հատուկ ռազմական գործողության» խմբավորման շտաբում։ Նա լսել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և խմբավորման բարձրաստիճան այլ սպաների զեկույցները։ Այս մասին օգոստոսի 19-ին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նախորդ անգամ Պուտինն այս տարվա ապրիլին այցելել էր Դոնեցկի ու Լուգանսկի մարզեր։ Իսկ մարտին՝ գաղտնի պայմաններում, օրվա մութ ժամին եղել էր ավերված Մարիուպոլում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG