Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանում կայունության և ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորման, տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներն է այսօր ներկայացրել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսին։
Հանդիպմանը նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:
Գրիգորյանը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել է հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցեր՝ ընդծելով՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Բարձր գնահատելով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահն ընդգծել է, որ Լիտվան պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը և նպաստել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության խորացմանը:
Հանդիպմանը նաև ներկա է եղել Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։