Մատչելիության հղումներ

Ռուսաստանը փորձելու է Հայաստանին էլ ներգրավել Ուկրաինայի զավթմանը. Օլեքսանդր Բոժկո


Ռուսաստանը փորձելու է Հայաստանին էլ ներգրավել Ուկրաինայի զավթմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ի՞նչ կացություն է այժմ այդտեղ, ինչպե՞ս կնկարագրեք:

Ալեքսանդր Բոժկո. - Իհարկե, մթնոլորտը շիկացած է, բոլորս սպասումների մեջ ենք: Մյունխենի կոնֆերանսը անվտանգության գծով ավարտվել է արդեն, բայց, ցավոք սրտի, արդյունք չի բերել, Այսինքն՝ դրությունը մնում է նույնը, ինչպես եղել է այդ կոնֆերանսից առաջ: Հիմա հուսով ենք, որ պետությունների նախագահները շարունակում են ջանքեր թափել, որպեսզի համոզեն Պուտինին ետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմաններից, մի քիչ թուլացնել մթնոլորտը: Բայց որքանով մենք բոլորս տեսնում ենք, առայժմ չի հաջողվում: Վերջին օրերին մենք վկա ենք՝ ինչպես է Պուտինը որոշել խաղացնել Դոնբասի քարտը: Ես նկատի ունեմ և՛ ժողովրդի էվակուացիան, և՛ կրակոցները Ուկրաինայի կողմ Դոնբասից:

«Ազատություն».- Կարո՞ղ ենք ասել, որ դիվանագիտական ջանքերին զուգահեռ Ուկրաինան նաև պատերազմի է պատրաստվում:

Ալեքսանդր Բոժկո. - Իհարկե, մենք հույս ենք դնում դիվանագիության վրա և մանավանդ, որ Ուկրաինան ուշադրության կենտրոնում է ամբողջ աշխարհի, բայց ես կասեի, որ բոլորը մտահոգված են ու ուղղակի չգիտեմ ինչ քայլեր պետք է անի Պուտինը, որովհետև անկանխատեսելի ղեկավար է, Մենք չենք ուզում, որ մեր փոխարեն մեկը կռվի, մենք պատրաստ ենք կռվելու Ռուսաստանի դեմ, ագրեսորի դեմ, միայն թե խնդրում ենք՝ տրամադրեք համապատասխան զենք, որովհետև Ռուսաստանը հզոր ռազմական երկիր է ու դրա համար գոնե մենք պաշտպանվելու հնարավորություն ունենանք:

Ինչ վերաբերում է խուճապին, ապա ես չէի ասի, որ խուճապ կա: Իհարկե, լարված մթնոլորտ է և որոշ մարդիկ էդպիսի տրամադրություն ունեն, որպեսզի գոնե ժամանակավոր դուրս գան Ուկրաինայից ինչ-որ ավելի ապահով տեղ ու իրենց կարելի է հասկանալ, որովհետև ի՞նչ է նշանակում ռուս զինվորը, դա բարբարոսական ուժն է, որի համար ոչ մի նշանակություն չունի միջազգային օրակարգ, թե ինչ, որոհետև հենց ինքը Պուտինը քայքայում է այդ միջազգային համակարգը: Վճռականությունը՝ պաշտպանվել և պաշտպանել մեր հայրենիքը, ժողովրդի մեջ ներկա է, մեր բանակը պատրաստվում է պայքարի, ու ստեղծվում են տարածքային պաշտպանական զորքեր, որտեղ ամեն ոք կարող է գրանցվել ու մասնակցել այդ կազմակերպչական գործընթացներին:

«Ազատություն». - Հայաստանի հետ հարաբերությունների մասին, որը Ռուսատանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ-ում Մոսկվայի հետ նույն դաշինքում են, Ձեր կարծիքով, Կրեմլը կփորձի՞ հետխորհրդային պետություններ ներգրավել այս պատմության մեջ:

Ալեքսանդր Բոժկո. - Իհարկե, անկասկած, որովհետև Կրեմլն ամեն տեսակի ստորության պատրաստ է գնալ ու գնալու է և գնացել է, այնպես որ 100 տոկոսով վստահ եմ, որ նման ջանքեր կլինեն: Ճիշտն ասած, Ուկրաինայի համար մեկ կլինի՝ Հայաստանը մասնակցել է այնտեղ կամ ոչ, դա կարևոր է Հայաստանի համար, որովհետև Հայաստանը պետք է հիշի, որ Ուկրաինայում ապրում է կես միլիոն հայ և լավ դիրքերում են իրենք հիմա գտնվում Ուկրաինայում: Մեծ մասը Ուկրաինայի հայրենասեր են, մենք շատ բարձր ենք գնահատում իրենց աշխատանքը Ուկրաինայի համար և իրենց ջանքերը, որպեսզի լավացնեն հայ-ուկրաինական փոխհարաբերությունները, բայց այդ հանգամանքը՝ կմասնակցի Հայաստանը, թե ոչ, Ուկրաինան զավթելու ծրագրերի մեջ, Հայաստանի մտահոգությունն է, որովհետև դա սպանիչ է լինելու մեր հայ-ուկրաինական փոխհարաբերությունների համար:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

XS
SM
MD
LG