Քննարկվում է ադրբեջանցի երեք պատգամավորի այցը Հայաստան՝ մասնակցելու «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստերին, որը նախատեսված է փետրվարի 21-ից 22-ը Երևանում, «Ազատությանը» փոխանցեց «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։
«Խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Եվրոպական խորհրդարանի շուրջ տասը պատգամավոր, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի ու Ադրբեջանի պատգամավորները։ Թե քանի պատգամավոր է ժամանում Հայաստան, ավելի ուշ հայտնի կլինի։ Ադրբեջանի պարագայում քննարկվում է երեք պատգամավորի՝ Ազեր Քարիմլի, Թայիր Միրկիշիլի և Սոլթան Մամադովի այցը Երևան», - հայտնել է Կրապետյանը։
Նախկինում էլ «Եվրանեսթի», Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում ադրբեջանցիները եկել են Հայաստան և մասնակցել նիստերին, հայ պատգամավորներ էլ մեկնել են Բաքու։