Մատչելիության հղումներ

Քովիդի բռնկումից 2 տարի անց՝ ԱՄՆ-ում մարդկանց մոտ ի հայտ են եկել հոգեկան առողջության լուրջ խնդիրներ


Կորոնավիրուսի համավարակի բռնկումից երկու տարի անց՝ Միացյալ Նահանգներում կտրուկ աճել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Բազմաթիվ մարդկանց մոտ ի հայտ են եկել առողջական լուրջ խնդիրներ, այդ թվում՝ տագնապային խանգարումներ և դեպրեսիա։

Անցած երկու տարիները կհիշվեն ոչ միայն համավարակով պայմանավորված մահերով և հիվանդների թվի աճով, այլ նաև՝ սոցիալական մեկուսացման երկարատև հետևանքներով։

«Նախքան համավարակը տասը մեծահասակներից մեկն ուներ տագնապային և դեպրեսիվ խանգարման ախտանիշներ: Մեր վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիմա տասը չափահասից երեքի մոտ են առկա նման ախտանիշներ», - ասել է «Քայզեր ընտանիք» հիմնադրամի ներկայացուցիչ Նիրմիթա Փանչալը:

Ըստ հետազոտության՝ համաճարակի արդյունքում ավելի շատ տուժել են աշխատունակ չափահասները, որոնց բեռն ու պատասխանատվությունն ավելացել է:

«Մենք հաճախ նրանց անվանում ենք սենդվիչ սերունդ, քանի որ նրանք գտնվում են երեխաների և դեռահասների սահմանագծին, իսկ հետո ծնող են դառնում: Նրանց մեծ մասը ստիպված է աշխատել, միաժամանակ՝ խնամել իրենց երեխաներին և ծնողներին, որոնք այժմ սոցիալական մեկուսացման պատճառով ավելի շատ կարիքներ ունեն: Նրանցից շատերը փորձում են բալանսավորել անձնական կյանքն ու տանը պարբերաբար զբաղվել իրենց երեխաների կրթությամբ», - նշել է Պալո Ալտոյի համալսարանի վնասվածքաբանության ծրագրի տնօրեն Լիզա Բրաունը:

Ըստ հոգեբանների՝ համավարակը խաթարել է բոլորի կյանքը։ Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը քովիդի հետևանքով առնվազն մեկ ազգական, կամ ընկեր է կորցրել, կամ էլ գիտի մեկին, ով հիվանդության ծանր ընթացք է ունեցել։ Շատերը կորցրել են իրենց աշխատանքը։ Աճել է ամուսնալուծությունների թիվը։ Երեխաները զրկվել են իրենց հասակակիցների հետ ազատ շփումներից, իսկ ավարտական դասարանների աշակերտները, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի իրենց տարեվերջյան ավարտական խնջույքներին։

Փորձագետներն այս ամենը անվանում են հավաքական տրավմա, որի հիմնական պատճառներից մեկն անորոշությունն է։

«Թե՛ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության, թե՛ որևէ փոթորկի կամ պտտահողմի ժամանակ, մենք ունեցել և ունենում ենք հստակ ամսաթիվ, գիտենք, թե այն երբ է սկսվել ու ավարտվել։ Նմանատիպ աղետներից հետո, մարդիկ սովորաբար վերացնում են աղետի հետևանքները, փորձում են վերականգնել իրենց կյանքը, փորձում են վերականգնվել զգացական առումով։ Կորոնավիրուսի դեպքում մենք ոչ հստակ սկիզբ ենք ունեցել, ոչ էլ գիտենք՝ այն երբ կավարտվի։ Սա խրոնիկ սթրես է», - ասել է Կալիֆորնիայի համալսարանի վնասվածքաբան Ռոքսան Քոհեն Սիլվերը:

Ըստ որոշ փորձագետների՝ անհանգստության ու տագնապային խանգարումների հաղթահարման հայտնի մեթոդները համաճարակի պարագայում անարդյունավետ են։ Նրանց կարծիքով՝ այն խորհուրդները, որ հաճախ մարդկանց տալիս են տրամադրության անկման ժամանակ, օրինակ, ճամփորդել, հանդիպել ծնողներին կամ ընկերներին, համաճարակի ժամանակ անվտանգ չեն:

«Ինչպե՞ս հանդիպել մտերիմներին ու ընկերներին, երբ մեզ անընդհատ հորդորում են չգնալ մարդաշատ վայրեր: Մեզ ասում են՝ համերգ մի՛ գնացեք, կինո մի՛ գնացեք, եկեղեցի կամ սինագոգ մի՛ գնացեք։ Թեև այս ամենը կարող է և դրական անդրադառնալ մարդու ինքնազգացողության վրա, համաճարակի պայմաններում մարդիկ զրկված են այս հնարավորություններից», - ընդգծել է Օհայոյի պետական համալսարանի հետազոտող Շերըլ Քերմինը:

Հոգեբաններն իրենք էլ ունեն նմանատիպ խնդիրներ: Պալո Ալտոյի համալսարանի պրոֆեսոր Լիզա Բրաունն անձամբ փորձում է հնարավորինս հաճախ շփվել ընկերների և սիրելիների հետ:

«Այս դժվարին ժամանակներում կարևոր է մտերիմների հետ կապ պահպանել: Ես համալսարանական բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց հետ վաղուց չէի շփվել։ Հիմա նրանք ինձ հաճախ են զանգում և դա ինձ շատ է ուրախացնում: Ես անչափ երջանիկ եմ, որ նրանց հետ կապի մեջ եմ։ Պետք է ավելի հաճախ խոսել միմյանց հետ: Պետք է կապը չկորցնել, միմյանց զանգելն ու նամակներ գրելը շատ կարևոր է», - նշել է Լիզա Բրաունը։

Փորձագետները կարծում են, որ եթե անգամ քովիդով պայմանավորված արգելքներն ու սահմանափակումները վերացվեն, համավարակի առաջացրած հոգեբանական խնդիրների հաղթահարման համար տարիներ են հարկավոր։

XS
SM
MD
LG