Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, որ ռուսական հարձակումն Ուկրաինայի վրա դեռևս հավանական է, և տեղեկություններն այն մասին, թե որոշ ռուսական ուժեր դուրս են բերվել Ուկրաինայի հետ սահմանից, դեռ չեն հաստատվել։
«Մենք պատրաստ ենք վճռականորեն պատասխանել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը, որի մեծ հավանականությունը պահպանվում է», - ասել է Բայդենը Սպիտակ տնից հեռուստաուղերձում։
ԱՄՆ նախագահն ուղղակիորեն դիմել է ռուս ժողովրդին՝ զգուշացնելով, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան կարող է վերածվել «արյունալի և կործանարար պատերազմի»։ «[Ես դիմում եմ] Ռուսաստանի քաղաքացիներին՝ դուք մեր թշնամիները չեք։ Եվ ես չեմ հավատում, որ դուք ցանկանում եք արյունալի և կործանարար պատերազմ Ուկրաինայի դեմ՝ մի երկրի և ժողովրդի դեմ, ում հետ դուք ունեք ընդհանուր պատմության և մշակույթի այդքան խորը կապեր», - ասել է Բայդենը։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դիվանագիտության միջոցով աշխատել Ռուսաստանի, դաշնակիցների ու գործընկերների հետ՝ Եվրոպայում անվտանգային իրավիճակը կայունացնելու համար։