Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն դեռևս չի տեսնում Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքի հետքաշման նշաններ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը դեռևս չի տեսել նշաններ, որոնք հաստատում են Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքի մի մասը հետ քաշելու մասին Մոսկվայի պնդումները։ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը միևնույն ժամանակ փաստել է, որ փոխարենը տեսնում են Ռուսաստանի կողմից ազդակներ երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին։

«Մոսկվայից ազդակներ են ստացվում, որ դիվանագիտությունը պետք է շարունակվի։ Սա զգուշավոր լավատեսության հիմք է տալիս։ Սակայն մենք մինչև այս պահը չենք տեսել Ուկրաինայում լարվածության թուլացման նշաններ»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպմանն ընդառաջ ելույթ ունենալով` Ստոլտենբերգը Ուկրաինայի շուրջ ռուսաստանյան ռազմական ներուժի կուտակումներն անվանել է «աննախադեպ սառը պատերազմից ի վեր»:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել է, որ հետ է քաշում Ուկրաինայի սահմաններին գտնվող զինվորականների մի մասը, սակայն նախնական տեղակայման վայրեր վերադարձող զինվորականների մասին Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը տվյալներ չի հաղորդել:

XS
SM
MD
LG