Գերմանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը երեկ վայրէջք է կատարել Լիտվայում՝ այնտեղ հասցնելով 70 գերմանացի զինվորականի։
Դա մաս է կազմում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ծրագրված ուժեղացման՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր ռազմական բախման մտավախության պատճառով: Սպասվում է, որ Լիտվայում գերմանացի զինծառայողների թիվը կհասցվի 950-ի։
Միևնույն ժամանակ, Գերմանիան շարունակում է գործել դիվանագիտական ճակատում։ Կանցլեր Օլաֆ Շոլցը երկուշաբթի օրը ժամանել է Կիև և բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Շոլցն ասել է՝ ակնկալվում է, որ Ռուսաստանը հստակ քայլեր կձեռնարկի լարվածության թուլացման համար, և որ հնարավոր ներխուժումը ծանր տնտեսական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար, մինչդեռ Ուկրաինան կստանա պատշաճ աջակցություն:
Այսօր Օլաֆ Շոլցը կմեկնի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։