Մատչելիության հղումներ

Զելենսկին Բայդենից ֆինանսական և ռազմական օգնություն է խնդրում


Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը, Վաշինգտոն, 1-ը սեպտեմբերի, 2021թ,
Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը, Վաշինգտոն, 1-ը սեպտեմբերի, 2021թ,

Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի հեռախոսազրույցը:

Միացյալ Նահանգները՝ դաշնակիցների և գործընկերների հետ միասին, «արագ և վճռական» կպատասխանի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիային, շեշտել է ԱՄՆ նախագահը:

CNN ամերիկյան հեռուստակայանի փոխանցմամբ, Զելենսկին Բայդենին հրավիրել է Ուկրաինա և լրացուցիչ ֆինանսական ու ռազմական օգնություն է խնդրել:

Ուկրաինա այցելելու հրավերի մասին Բայդենի արձագանքը դեռ չի հրապարակվել: CNN-ի փոխանցմամբ, Սպիտակ տան մի անանուն ներկայացուցիչ նշել է, որ Բայդենի այցը քիչ հավանական է:

Զելենսկին Բայդենին ասել է, թե ամերիկյան լրացուցիչ օգնությունը կվկայի Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցելու մասին և, բացի այդ, ցույց կտա, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն ապարդյուն կլինի:

Զելենսկին և Բայդենը զրույցում կարևորել են Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական եղանակով կարգավորելու անհրաժեշտությունը:

Երկու նախագահները կարծիք են հայտնել, որ «պետք է զսպել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի բանակի հզորացումը»:

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ դեռևս չի տեսնում մոտալուտ ներխուժման համոզիչ ապացույցներ՝ չնայած ռուսական զորքերի մոտեցմանը ուկրաինական սահմանին և որոշ ավիաընկերությունների դեպի Ուկրաինա թռիչքների չեղարկմանը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, կիրակի օրը մեկնաբանելով ամերիկյան հետախուզական գործակալությունների նախազգուշացումները, ընդգծել է՝ Միացյալ Նահանգների վարչակազմը դեռ պատրաստ չէ հաստատել հետախուզական տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է ռազմական ներխուժում Ուկրաինա մոտակա օրերին:

Զելենսկու և Բայդենի հեռախոսազրույցը թվով արդեն երրորդն էր 2022 թվականի ընթացքում: Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսով զրուցել են նաև այս տարվա հունվարի սկզբին և վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG