Մատչելիության հղումներ

«Ձեր ժամանումը կնպաստի լարվածության թուլացմանը». Զելենսկին Ջո Բայդենին հրավիրել է Կիև


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիև է հրավիրել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին:

«Համոզված եմ, որ առաջիկա օրերին Ձեր ժամանումը Կիև հզոր ազդանշան կլինի և կնպաստի լարվածության թուլացմանը», - փոխանցել է Զելենսկին Բայդենի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Զելենսկին Սպիտակ տան ղեկավարն նաև ասել է, թե Ուկրաինան պատրաստ է իրադարձություններ ցանկացած զարգացման՝ վստահեցնելով Կիևը, Խարկովը, Լվովը, Դնեպրը, Օդեսան և Ուկրաինայի այլ քաղաքներ հուսալի պաշտպանության տակ են: Նա նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար ու նշել Կիևին անվտանգության արդյունավետ երաշխիքներ տրամադրելու կարևորությունը:

Ջո Բայդենն, իր հերթին, ըստ Սպիտակ տան, խոստացել է, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակմանը կտա արագ և վճռական պատասխան:

Սրան զուգահեռ արևմտյան առաջնորդները շարունակում են դիվանագիտական ջանքերը՝ լարվածությունը բանակցությունների միջոցով թուլացնելու համար: Այդ նպատակով այսօր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մեկնել է Կիև և այնտեղից էլ կուղևորվի Մոսկվա:

«Ուկրաինան կարող է վստահ լինել, որ մենք անհրաժեշտ համերաշխությունը կցուցաբերենք, ինչպես եղել է անցյալում։ Գերմանիան ամենամեծ ֆինանսական օժանդակությունն է տրամադրել Ուկրաինայի տնտեսական կայունությանը, և մենք կշարունակենք մեր նպաստը բերել։ Զուգահեռ կշարունակենք հստակ ուղերձներ հղել, թե ինչ տեղի կունենա ռազմական ագրեսիա սկսելու դեպքում, միաժամանակ կօգտագործենք հնարավոր բոլոր միջոցները՝ երաշխավորելու, որ ճգնաժամը հարթվի դիվանագիտական ճանապարհով, և Ռուսաստանը թուլացնի լարվածությունը», - հայտարարել է Օլաֆ Շոլցը։

«Համաձայնության շանսեր կան». Լավրովը՝ Պուտինին

Մինչ Շոլցը Ուկրաինայի մայրաքաղաքում հանդիպումներ է անցկացնում այդ երկրի ղեկավարության հետ, Կրմելում նախագահ Պուտինը այսօր ընդունել էր նախ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, հետո էլ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Լավրովը Պուտինի հետ հանդիպմանն այսօր, մասնավորապես, ասել է, թե այսպես կոչված անվտանգության երաշխիքների հարցում արևմտյան երկրների հետ համաձայնության գալու շանսեր դեռևս կան։

«Համաձայնության շանսեր կան»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Պուտինի ուղիղ հարցին՝ արդյոք նման շանսեր կա՞ն, թե՞ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել անվերջ բանակցությունների մեջ։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը բացասական պատասխաններ է ստացել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից Մոսկվայի պահանջներում քննարկված հարցերի մեծ մասի վերաբերյալ, սակայն Պուտինի վերջին հանդիպումներն ու զրույցները օտարերկրյա առաջնորդների հետ ցույց են տալիս, որ համաձայնությունների ոչ բոլոր հնարավորություններն են սպառվել։

Պուտինը վերջերս հանդիպել էր Ֆրանսիայի նախագահի հետ, հեռախոսով զրուցել նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ։ Վաղը սպասվում է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլերի հետ։

Շաբաթական մի քանի անգամ հեռախոսազրույցներ ու դեմ առ դեմ հանդիպումներ ունենալով կողմերի հետ՝ արևմտյան առաջնորդներն ընդգծում են՝ իրավիճակը շարունակում է մնալ պայթունավտանգ։

Ամերիկյան կողմը չեն բացառում, որ Մոսկվան կարող է հարձակման անցնել արդեն այս շաբաթ: Նախագահ Բայդենն օրեր առաջ հրահանգեց ամերիկացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից, ինչին հետևեցին արևմտյան մի շարք այլ երկրների ղեկավարներ ևս: Որոշ ավիաընկերություններ ևս ռազմական գործողությունների մտավախությամբ դադարեցրել են թռիչքները Ուկրաինայի օդային տարածքով: Մոսկվան շարունակում է պնդել, թե պատերազմ սկսելու մտադրություն չունի, թեև 130 հազար զինվոր ու խոշոր զրահատեխնիկա է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին:

Մինչ կողմերը կոշտ հայտարարություններ են փոխանակում ու շարունակում բանակցությունները փակ դռների ետևում, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը երեկ աղմկահարույց հայտարարություն է արել BBC-ի եթերում՝ պնդելով, թե Ուկրաինան կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր նպատակից, եթե դա կանխի Ռուսաստանի հետ պատերազմը: Այդուամենայնիվ, մի քանի ժամ անց ուկրաինացի դիվանագետը հրաժարվել է իր այս խոսքերից, Ուկրաինայի նախագահի և Արտգործնախարարության մամուլի քարտուղարներն էլ հայտարարել են, թե Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը Կիևի համար բացարձակ առաջնահերթություն է, որն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ:

Ռուսական կողմը հայտարարում է, թե իբր Ուկրաինան ավելի քան 120 հազար զինվորական է կենտրոնացրել Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում

Ավելի վաղ՝ անցած շաբաթավերջին, Կիևը գործի էր դրել ԵԱՀԿ մեխանիզմներն ու պահանջել, որ Ռուսաստանը 48 ժամում տեղեկատվություն տրամադրի Ուկրաինայի սահմանի մոտ և Ղրիմում սկսած ռազմական տեղաշարժի ու ակտիվության վերաբերյալ։ «Ազատության» տրամադրության տակ է Ռուսաստանի պատասխանը, որտեղ Մոսկվան պնդում է, թե իր տարածքում արտասովոր ռազմական գործողություններ չի իրականացնում։ Ավելին՝ ռուսական կողմը հայտարարում է, թե իբր Ուկրաինան է ավելի քան 120 հազար զինվորական կենտրոնացրել Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում և պատրաստվում է ռազմական գործողության։

Փոխադարձ այս մեղադրանքների ֆոնին՝ այսօր հայտարարություն են տարածել «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները, ընդգծելով, որ պատրաստ են հրատապ միջոցներ ձեռնարկել՝ աջակցելու Ուկրաինայի տնտեսությանը, որը խնդիրների է բախվում ռուսական զինված ներխուժման սպառնալիքի պատճառով։

Ինչպես ասված է նախարարների հայտարարության մեջ, G7 երկրները պաշտպանում են ոչ միայն Ուկրաինայի անկախությունն ու ամբողջականությունը, այլև այդ երկրի ֆինանսատնտեսական կայունությունը։ Միաժամանակ աշխարհի յոթ ամենազարգացած երկրները նախազգուշացնում են՝ ռուսական հնարավոր ագրեսիայի պատասխանը կլինեն «տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, որոնք էական և անմիջական ազդեցություն կունենան» Ռուսաստանի վրա։

XS
SM
MD
LG