Մատչելիության հղումներ

Երևանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի առաջ քաշելու նախապայմաններ. Բայրամով


Երևանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի առաջ քաշելու նախապայմաններ, հունգարացի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում նման կոշտ հայտարարություն է հնչեցրել Ադրբեջանի արտգործնախարարը։

Ջեյհուն Բայրամովը հայտնել է, թե երկու շաբաթ առաջ Հայաստանը հանդես է եկել սահմանազատման նոր առաջարկներով ու որոշ պայմաններ է առաջ քաշել այդ նպատակով նախատեսվող հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար։ Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այս գործընթացը, բայց առանց որևէ պայմանի։

«Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն. Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Բայրամովը, առանց հստակեցնելու, թե ինչպես, պաշտոնական Երևանին մեղադրել է նաև եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը տապալելու համար։

«Ցավոք, հայկական կողմը խախտել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Դեռևս չենք տեսնում այդ հարցում հետևողականություն։ Երբեմն դրական ուղերձներ են ստացվում, երբեմն էլ լսում ենք այլ կարծիքներ, ինչը բարդացնում է իրավիճակը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ առանց մանրամասներ նշելու։

Նախքան Բայրամովի հայտարարությանը, այսօր առավոտյան նաև Հայաստանի արտգործնախարարն էր անդրադարձել Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներին՝ հայտնելով, որ Բաքվից բացասական են արձագանքել հայկական կողմի առաջարկներին։

«Այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում ենք այն անվտանգության միջոցները, որոնք մեր կարծիքով անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանագծին: Նախկինում էլ ասել եմ, որ տարբեր առաջարկներ ենք ներկայացրել: Սա սովորական քննարկման գործընթաց է, առայժմ քննարկվում են: Կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ եղել է բացասական արձագանք», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Միրզոյանը շեշտել էր, որ բանակցությունները ռուսական և ադրբեջանական կողմերի հետ շարունակական են և, սահմանազատման առնչվող հարցով եղել են առաջարկներ, որ հայկական կողմի համար են աընդունելի եղել։

Սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով Բաքվին փոխանցված առաջարկների մասին շաբաթներ առաջ հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Ավելի ուշ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հստակեցրել էր, որ Երևանի առաջարկները բխում են զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից։ Սրան հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, թե Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են։ Երևանից արձագանքեցին, թե դրանք նախապայմաններ չեն, Հայաստանը խոսում է պայմանավորվածությունների իրագործման մասին։ Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Բաքվի այս վերջին հայտարարություններին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG