Հայկական կողմը ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում է այն անվտանգության միջոցները, որոնք սահմանագծում անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը՝ նշելով՝ սովորական բանակցային գործընթաց է։
Ընդգծելով, որ կոնկրետ առաջարկների վերաբերյալ բացասական արձագանք է եղել Բաքվից՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չակերտներ չբացեց, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։
«Տարբեր առաջարկներ ենք ներկայացրել քննարկման։ Սովորական բանակցային գործընթաց է սա, այժմ քննարկվում են։ Կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ բացասական արձագանք է եղել Բաքվից, բայց կրկնում եմ՝ սա շարունակական պրոցես է, այնպես չէ, որ մենք մի անգամ առաջարկեցինք, իրենք մերժեցին, որովհետև եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են անընդունելի եղել», - ասաց Միրզոյանը։
Հունվարին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվել է Բաքվին։ Փաստաթղթի ու առաջարկների մանրամասները կողմերից որևէ մեկը մինչ օրս չի գաղտնազերծել: Արարատ Միրզոյանը միայն հայտարարեց, որ առաջարկները բխում են զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից։ Սրան հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են։ Երևանի արձագանքը չուշացավ՝ «սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի»։ Արտգործնախարարը տեղեկացրեց, որ Երևանը փորձում է պարզաբանումներ ստանալ, թե սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներից հատկապես որն է անընդունելի Բաքվի համար։ «Մենք հստակեցումները դեռ չունենք», - ասել էր Միրզոյանը։