Մատչելիության հղումներ

Դրանք բխում են նաև զորքերի հայելային հետքաշման հայեցակարգից․ Միրզոյանը՝ ՌԴ-ին ներկայացված առաջարկից


Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիայի, լարվածության նվազման, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ միջնորդավորված կերպով Ադրբեջանին, այսօր Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ վերահաստատելով Ռուսաստանի արտգործնախարարարի հայտարարությունը։

Սերգեյ Լավրովը հայկական կողմից առաջարկների մասին խոսել էր հունվարի 14-ին՝ ասելով, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին՝ առանց մանրամասնելու, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։

Նշելով, որ մանրամասներ չի կարող հրապարակել՝ Արարատ Միրզոյանն այսօր ասաց, որ այդ առաջարկները բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման ընդհանուր, նախապես հռչակած հայեցակարգից, և որ հիմա սպասում են պատասխանի։

Այսօր ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել։

XS
SM
MD
LG