Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ծրագրում է «մոտ օրերս» 3 հազար զինվոր ուղարկել Արևելյան Եվրոպա


Ամերիկացի զինծառայողներ Լեհաստանում, արխիվ
Ամերիկացի զինծառայողներ Լեհաստանում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ծրագրում է «մոտ օրերս» 3 հազար զինվոր ուղարկել Արևելյան Եվրոպա՝ ՆԱՏՕ-ի ուժերին աջակցելու համար, երեկ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին։

Նրա խոսքով՝ ներկայումս Գերմանիայում տեղակայված մոտ հազար զինվորականներ կուղարկվեն Ռումինիա, քանի որ Ռուսաստանը մտադիր չէ նվազեցնել իր ռազմական ներկայությունը Ուկրաինայի հետ սահմանին, իսկ Արևմուտքը մտավախություն ունի այդ երկիր հնարավոր ներխուժման հետ կապված:

Ներկայումս Ռումինիայում 900 ամերիկացի զինվոր կա։ Նրանց պետք է միանան այն ուժերը, որոնք կուղարկի Ֆրանսիան։

«Միացյալ Նահանգները կշարունակի խորհրդակցել և համակարգել Ֆրանսիայի և մեր բոլոր դաշնակիցների հետ, որպեսզի փոխլրացնենք միմյանց ուժեր տեղակայելու հարցում», - ասել է Քըրբին:

Բացի այդ, Գերմանիայում և Լեհաստանում կտեղակայվեն 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 2 հազար զինծառայողներ՝ ԱՄՆ-ի բանակի արագ արձագանքման հիմնական ուժերը: Նրանցից 1700-ը կվերաբաշխվեն Լեհաստան, իսկ մնացածները կօգնեն համակարգել ամերիկյան ուժերի գործողությունները Գերմանիայում։ Ներկայումս Լեհաստանում տեղակայված է մոտ 5 հազար ամերիկացի զինվորական։


XS
SM
MD
LG