Մատչելիության հղումներ

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորն ահազանգում է` կես տարի ուզում է պատվաստվել, չի ստացվում


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկն ահազանգում է՝ կես տարի է` խնդրում է, օրումեջ դիմումներ գրում, որպեսզի իրեն պատվաստեն, պատասխանում են՝ գնա քո խուցը, կալանավորներին պատվաստելու որոշում չկա:

«Բազմիցս դիմում եմ գրել, էս վեց ամիս է` արդեն դիմում ենք ներկայացրել, որ ուզում ենք պատվաստվենք, բա` պատվաստվելը նախ անժամկետ է, մենք չենք կարող ձեզ ասել, թե երբ ձեզ կգանք, պատվաստենք, կառավարությունը մեզ հրաման չի տվել բերդերին պատվաստելու», - ասաց նա:

Կառավարությունը վերջապես տեսակցությունների արգելքը հանել է, բայց իրենց ոչ պատվաստում են, ոչ էլ թեստավորում, որ սպասված հանդիպումները կայանան: Այս տղամարդը 7 ամսից ավելի է` իր հարազատներին չի տեսել: Ըստ գործադիրի որոշման` տեսակցությունները թույլատրվում են, եթե տեսակցողն ու անազատության մեջ գտնվողը պատվաստված են կամ 72 ժամվա վաղեմության թեստ ունեն՝ բացասական պատասխանով:

«Արմավիր» քրեակատարողականից մեզ հետ զրուցող տղամարդն ասում է՝ թեստավորվելն էլ առանձին ու թանկարժեք գործ է` բժշկի համար տաքսի գտնելուց սկսած, ամեն ինչ հարազատները պիտի անեն. «Դուրս է գալիս` ես ամեն ամիս պետք է 30-40 հազար դրամ իմ տեսակցությունից օգտվելու համար գումար վճարեմ, բայց թե մենք մեր կալանավոր վիճակին ո՞նց պետք է վճարենք, չեմ կարողանում հասկանալ»:

«Իրենք հեռախոսով կապ են հաստատել այդ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ և ստացել են պատասխան, որ երբ ժամանակը կգա, կգանք, կպատվաստենք, ձեր ասելով չի` երբ պետք է պատվաստվեք», - ասում է «Հանուն ազատության» ՀԿ նախագահ Իրինա Մանուկյանը:

Այս կազմակերպությունն է «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող բազմաթիվ այլ կալանավորված ու դատապարտված անձանցից ահազանգեր ստացել, որ հարազատներին տեսակցել չեն կարողանում, քանի որ թե պատվաստվելն է բարդ, թե թեստավորվելը. «Պատվաստվածներ մենք ունենք, և այդ պատվաստված անձինք, իմ տեղեկություններով, հիմա անուն-ազգանուններ չեմ կարող հնչեցնել, բայց իմ տեղեկություններով` ինքնուրույն են նախաձեռնել այդ գործընթացը»:

Իրինա Մանուկլյանն ասում է՝ անազատության մեջ գտնվողի հարազատը դռնեդուռ է ընկնում, որ բուժհաստատությունից մասնագետ տանի կալանավայր՝ թեստավորման, ծախսերն էլ, բնականաբար, իրենք են հոգում: Պատվաստանյութերը կան, մի քանի տեսակի, երբեմն դրանք թափոն են դառնում ժամկետանց լինելու պատճառով: Ինչո՞ւ կալանավայրերում չեն պատվաստում, հարցնում է Իրինա Մանուկյանը:

Պատվաստում ենք, արձագանքում են Արդարադատության նախարարությունից:

«Ցուցակագրվում են բոլոր այն ազատությունից զրկված անձինք, ովքեր ցանկություն են հայտնել պատվաստվելու: Արդեն Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ը կապ է հաստատում քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով մոտ գտնվող պոլիկլինիկայի հետ և ըստ այդմ կազմակերպում են պատվաստման գործընթացը», - ասում է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը` հավելելով՝ համակարգ կա, եթե անազատության մեջ գտնվողը ցանկանում է, թող ցուցակագրվի ու անվճար պատվաստվի, թեստավորումն էլ վճարովի է բոլորի համար. «Եթե կան այնպիսի հարազատներ, ովքեր ցանկություն ունեն իրենց հաշվին կազմակերպել կոնկրետ ազատությունից զրկված անձի ՊՇՌ հետազոտության կազմակերպումը, ապա այս դեպքում ցանկ պետք է առանձնացվի այն ախտորոշիչ կենտրոնների, որոնք ՔԿՀ-ին մոտ գտնվելու պայմաններում կարող են ՊՇՌ հետազոտություն իրականացնել, և կրկին տեղում վճարումը կատարելու պայմաններում իրականացվում է ՊՇՌ հետազոտության կազմակերպումը»:

Փոխնախարարը ընդունում է` գուցե կան խնդիրներ, որ ծագել են տեսակցությունների արգելքը հանելուց հետո. «Այն բողոքները, որոնք մենք ստանում էինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մակարդակով, այլևս լուծված են, ներկա դրությամբ 60 անձինք հենց տեղում` ՔԿՀ-ի պայմաններում ստանում են պատվաստման պրոցեսը, հենց այսօր»:

«Արմավիր» քրեակատարողականից, սակայն, տեղեկացանք՝ շատերը ցուցակագրվել են վաղուց և այդպես էլ չեն հաջողացնում պատվաստվել. այս քրեակատարողական հիմնարկում 925 կալանավորված ու դատապարտված անձ է պահվում, նրանցից պատվաստված են ընդամենը 88-ը: Սա Հայաստանի ամենամեծ քրեակատարողականն է: Այսօր էլ այդտեղ հարազատները ստիպված բժշկական խմբեր են բերել՝ անազատության մեջ գտնվող իրենց հարազատին թեսթավորելու ու ի վերջո տեսակցության իրավունքից օգտվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG