Մատչելիության հղումներ

Մի խումբ վարորդներ պահանջում են չավելացնել մեքենաների պարտադիր ապահովագրության վճարները


Մայրաքաղաքի կենտրոնում այսօր սովորականից աղմկոտ էր. մեքենաների ազդանշաններ, բերման ենթարկված ցուցարարներ, տուգանքներ. մի խումբ վարորդներ առավոտյան Հանրապետության հրապարակում ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով չավելացնել մեքենաների պարտադիր ապահովագրության վճարները։

Սեփականատերերը կախված փոխադրամիջոցի տեսակից ամեն տարի 19 -ից 98 հազար դրամ են վճարում ապահովագրության համար. պարտադիր այս վճարը բոլորի համար ավելանում է 3000 դրամով։ Ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանը պնդում է՝ ապահովագրական վճարները բարձրացնելու որոշումը անհիմն է և կայացվել է առանց նախնական իրազեկման ու շահառուների կարծիքը հաշվի առնելու։

«Ապահովագրականները այսպես թե այնպես լավ չեն սպասարկում, բոլորն են դժգոհում, ուղղակի սա ոնց որ համբերության բաժակի վերջն է», - ասաց Խաչատրյանը:

Գործող վեց ապահովագրական ընկերությունները վերահսկող Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն օրերս հայտարարեց՝ փետրվարի 7-ից ապահովագրման վճարները տարեկան 3000 դրամով ավելանալու են։ Ըստ բյուրոյի՝ թանկացումը անհրաժեշտ է, քանի որ մեքենաների վերանորոգման և պահեստամասերի գներն են աճել, ավելացել է փոխհատուցվող գումարի ծավալը։ Ոլորտը համակարգող բյուրոն ընդգծում է՝ եթե գործող սակագները չփոխվեն, հնարավոր է խափանվի ապահովագրական ծառայությունների մատուցումը: Այսօր բողոքի ակցիա իրականացրած վարորդները ապահովագրական բյուրոյի հիմնավորումները չեն ընդունում:

«Հատ-հատ պահանջները շատացնելու ենք ու մինչև վերջ առանց փոխզիջման գնալու ենք, այսինքն՝ մյուսը լինելու է՝ պատժել այդ որոշումը կայացնողներին, մյուսին, մյուսին, այս սենց հերթով, հետո պահանջները էժանացման է գնալու», - ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը, մինչդեռ, այլ կարծիք ունի, ասում է՝ չի կարելի հերքել, որ ապահովագրումը թանկացնելու անհրաժեշտություն կա։ Վարորդների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ թանկացման չգնալու այլընտրանքը պարտադիր ապահովագրումից ուղղակի հրաժարվելը կլինի։

«Հիմա մենք պետք է հասկանանքն՝ ուզում ենք պարտադիր ապահովագրություն, թե չէ, եթե չենք ուզում, ապա պետք է հանենք այդ ապահովագրական գործիքը, էլ չլինի, ոնց որ առաջ էր, իսկ եթե քաղաքացիները ուզում են պարտադիր ապահովագրություն, ապա պետք է գնահատելի լինի և արժեքը այնպես լինի, որ այդ կառույցն աշխատի», - ասաց Քեյանը:

Մինչդեռ ցուցարար վարորդները շեշտում էին՝ պատրաստ են բողոքել այնքան, որ թանկացման որոշումը կյանքի չկոչվի։ Ավտոմեքենաների ապահովագրությունը Հայաստանում պարտադիր է 2010 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG