Մատչելիության հղումներ

Կրճատվել է ինքնամեկուսացման ժամկետը թե՛ պատվաստվածների ու թե՛ չպատվաստվածների համար


Քովիդի դրական պատասխանով քաղաքացիները 7 օր անց կարող են տնից դուրս գալ, եթե պատվաստված են. կառավարությունն այսօրվա որոշմամբ կրճատել է ինքնամեկուսացման ժամկետը թե՛ պատվաստված ու թե՛ չպատվաստված քաղաքացիների համար. որոշումն ուժի մեջ է վաղվանից:

«Երկու դեղաչափ ստացած և 14 օրը լրացած անձանց համար ինքնամեկուսացման ժամկետը դառնում է 7 օր, իսկ ոչ լիարժեք պատվաստվածների, մյուս բոլորի համար ինքնամեկուսացման պարտադիր ժամկետը դառնում է 10 օր», - ասաց Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Բակունցի տեղեկացմամբ՝ ՊՇՌ դրական պատասխանից 7 օր անց չպատվաստվածները կարող են դուրս գալ մեկուսացումից, եթե թեստ հանձնեն ու պատասխանը բացասական լինի: «Օմիկրոն»-ն արագ է տարածվում, արագ վարակում, արագ ցույց տալիս ախտանշանները, արագ էլ հեռանում, եթե պատվաստված ես, սա է որոշման հիմնավորումը. 14 օր տանը փակվելու կարիք չկա:

«Պատվաստված լինելը և իմունիտետ ունենալն օգնում է իրենց ավելի շուտ ձերբազատվել վիրուսից և չլինել վարակիչ», - նշեց Նունե Բակունցը:​

Եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ կրճատել են ինքնամեկուսացման ժամկետը, օրինակ, Մեծ Բրտանիայում 7 օր է, Ֆրանսիայում, Շվեյցարիայում՝ 5: Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնում ասում են՝ գիտական բազմաթիվ հետազոտություններ են հաստատում՝ լիարժեք պատվաստված մարդը քովիդի այս պահին աշխույժ շտամից՝ «օմիկրոն»-ից հեշտ է ազատագրվում: Միայն թե պատվաստումների ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ հետնապահ դիրքում՝
բնակչության ընդամենը 0.4 տոկոսն է խթանիչ՝ բուսթեր պատվաստանյութն ստացել՝ ասում է ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

«Խթանիչ դեղաչափն է արդյունավետ, մոտ երեք անգամ նվազեցնում է հավանականությունը, որ մարդը կարող է վարակվել: Այս տեսանկյունից, իհարկե, սա հուսադրող և լավ ցուցանիշ չէ», - ընդգծեց Սահակյանը:​

Այնինչ, ըստ Գայանե Սահակյանի, երկու դեղաչափ պատվաստումներից հետո ժամանակի հետ հակամարմինները նվազում են և երրորդի կարիքը կա՝ քովիդից լիարժեք պաշտպանության համար: Ըստ ազգային կենտրոնի նոր կանոնակարգման, ոչ թե վեց ամսից, այլ երրորդ ամսից սկսած պետք է խթանող դեղաչափ ներարկել:

«Այս պահին բուսթեր դեղաչափի այդ 6-ամսյա ժամկետն ուշ է, ավելի շուտ պետք է մարդը պատվաստվի, որ ավելի լիարժեք պաշտպանված լինի»​, - ասաց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալը:

Ինքնամեկուսացման ժամկետի կրճատումը գուցե պատվաստումների գործին օգնի. մասնագետ



Պատվաստումային ընդհանուր պատկերն էլ գերազանց չէ, լավ էլ չէ՝ մեկ միլիոնից քիչ ավելի մարդ ստացել է առաջին դեղաչափը, շուրջ 840 հազարը նաև երկրորդն է ստացել: Ինքնամեկուսացման ժամկետի կրճատումը գուցե պատվաստումների գործին օգնի, կարծում է Բժշկական համալսարանի հանրային առողջության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը:

«Սա կարող է լինել խթանող, ասել եմ, եթե օրինակի համար քովիդ անձնագիրն ունի, QR կոդն ունի, ուրեմն թող դիմակ չկրի, ուրեմն թող ազատ այցելի բոլոր միջոցառումներին, օդանավակայանում մի պահանջեք, ինչի՞ են պահանջում, չեմ կարող ասել»​, - նշեց Թադևոսյանը:

Նա կարծում է, որ այլ՝ պատվաստումներին աջակցող գործոններ են պետք, քանի որ ըստ մասնագետի, միայն պատվաստումային լիարժեք ծածկույթով է հնարավոր վերապրել քովիդի անընդհատ փոփոխվող շտամները: Հանրային առողջության մասնագետը, սակայն, ընդգծում է՝ ոչ մի նոր կարգավորում համաճարակային իրավիճակի առումով որոշիչ չի կարող լինել, եթե վերահսկողություն չլինի՝ ով է ստուգում թե վարակակիրը քանի օր նստեց տանը կամ քանի օր չնստեց տանը:

«Հիմա ուզում եք մեկուսացման շրջանը սարքեք 7 օր, 14-ը սարքեք 21 օր, պահպանողը կպահպանի, չպահպանողը չի պահպանի, իսկ ցավոք սրտի, կանոնները չպահպանողները ավելի շատ են, քան հետևողները»,- ասաց ​Թադևոսյանը:

Ոչ ոք չի չեղարկել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, հիշեցնում է Թադևոսյանը, իսկ փակ տարածքներում դիմակ կրողներ քիչ կան, և բոլորովին չկան վերահսկողներ. «Բացարձակապես չկա, ես չեմ տեսնում»:​

XS
SM
MD
LG