Մատչելիության հղումներ

Մամիջանյանը դեմ է քվեարկել Հայաստանում ժողովրդավարական առաջընթացը ողջունող ԵԽԽՎ բանաձևին


«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, քարտուղար Հայկ Մամիջանյանը և անդամ Տիգրան Աբրահամյանը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, քարտուղար Հայկ Մամիջանյանը և անդամ Տիգրան Աբրահամյանը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը ողջունող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևին խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի բացասական քվեարկությունը։

Ընդդիմադիր պատգամավորի քվեարկությունը երեկ դատապարտեցին մի շարք իշխանականներ՝ հատուկ ընդգծելով, որ Մամիջանյանի անունը թուրք և ադրբեջանցի պատգամավորների կողքին է հայտնվել, որոնք ևս դեմ էին քվեարկել։

Ինքը՝ ընդդիմադիր պատգամավորը, վստահեցնում է՝ ոչ թե Հայաստանի դեմ է քայլ կատարել, այլ՝ իշխանությունների, և սա պետք է հստակորեն տարանջատել։

«Մեր թիմը պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ, այսինքն՝ մեր թիմը պայքարում է ստի դեմ, ուստի 100 տոկոս, 99 տոկոս սուտ պարունակող բանաձևին ես այլ կերպ, քան դեմ, քվեարկել չէի կարող։ Եթե ընթերցեք բանաձևը, Ձեզ կսկսի թվալ, որ մենք ապրում ենք Շվեյցարիայում, և բանաձևը փորձում էր ինձ համոզել, որ իմ ու իմ ընկերների հանդեպ շինծու քրեական գործեր չկան, ինձ ու իմ ընկերներին 10-ից ավելի անգամ բերման չեն ենթարկել խաղաղ ցույցերի համար, որ լրագրողների նկատմամբ բռնաճնշումներ չեն իրականացվում, որ օրենսդրություն չի փոխվում հատուկ ազատ խոսքը սահմանափակելու համար, որ Սահմանադրություն չի բռնաբարվում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մամիջանյանը։

Նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ԵԽԽՎ-ն ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվամբ բանաձևը, ըստ որի՝ Հայաստանը 2018-ից սկսած նշանակալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության զարգացման գործում։ Բանաձևն ընդունվեց ձայների 50 կողմ, 16 ձեռնպահ և 14 դեմ հարաբերակցությամբ։

«Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների նկատմամբ եվրոպական կառույցների կուրությանը»,- իր հայտարարության մեջ այսօր ընդգծել է «Պատիվ ունեմ»-ը: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը վայելող խմբակցությունը պնդում է՝ բանաձևում զեկուցողների կողմից Հայաստանում ժողովրդավարության մասին տրված գնահատականները բացարձակապես չեն արտացոլում երկրում առկա իրավիճակը։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, մինչդեռ, պնդում է՝ հեղափոխությունից հետո Հայաստանը լուրջ քայլեր է իրականացրել ժողովրդավարության ուղղությամբ։

«Ես ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները իրենց համար ստեղծել են մի իրականություն, որը որևէ աղերս չունի Հայաստանի Հանրապետության հետ, և նեղսրտում են այն մտքից, որ այդ՝ իրենց համար իրենց իսկ կողմից ստեղծված իրականությունը չեն կարողանում մատուցել մեր միջազգային գործընկերներին այնպես, որպեսզի նրանք էլ հավատան մեր ընդդիմադիր գործընկերների կողմից ստեղծված իրականությանը», - «Ազատությանն» ասաց Ջուլհակյանը։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում միակ քննադատությունն, ըստ էության, վերաբերում է խոսքի ազատության վիճակին։ Բանաձևը կոչ է անում իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը»։

ԵԽԽՎ բանաձևը նաև պահանջում է վերադարձնել հայաստանցի բոլոր ռազմագերիներին՝ համաձայն զինադադարի մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, ինչպես նաև հիմնել մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության մեխանիզմ, զերծ մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունները սրող հայտարարություններից և գործողություններից։

«Պարոն Մամիջանյանը, դեմ քվեարկելով այս բանաձևին, նաև, կարելի է ասել, այս կոչերին է դեմ քվեարկել։ Ոչ թե կարելի է ասել, այլ՝ փաստացի նաև այս կոչերին է դեմ քվեարկել», - ընդգծեց Ջուլհակյանը։

Մամիջանյանը հակադարձում է՝ դեմ է քվեարկել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը վերաբերող պնդումներին։ Նշում է՝ այդ նիստում իր գործունեությունը եղել է ադրբեջանական առաջարկների մերժման ու դրանց դեմ պայքարի ուղղությամբ։

«Բանաձևին ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է 10-ից ավելի փոփոխությունների առաջարկներ, որոնք իրապես շատ վտանգավոր էին, դրանց կանխարգելման ու մերժման համար տարվել է ծավալուն աշխատանք։ Ես արեցի ամեն ինչ, որպեսզի այն մաքրազերծվի թուրք-ադրբեջանական քարոզչական հնարքներից, հետևաբար՝ դրանց բոլորին ես, բնականաբար, դեմ եմ քվեարկել՝ ադրբեջանական առաջարկներին։ Իսկ բանաձևին վերջում նույնպես դեմ եմ քվեարկել, որովհետև, ինչպես ասացի, ես ստի նկատմամբ անընկալելիություն ունեմ», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։

XS
SM
MD
LG