Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի հեռախոսազրույցը:
Ռուսաստանի ղեկավարը ֆրանսիացի պաշտոնակցին ասել է, թե «Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առնում անվտանգության երաշխիքների հարցում Մոսկվայի մտահոգությունները»:
Ըստ Պուտինի, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն, մասնավորապես, չեն ընկալում դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակման վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային անհամաձայնությունը, չեն ընդունում ռուսաստանյան սահմանների մոտակայքում հարվածային սպառազենի տեղակայումը բացառելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը 1997 թվականից հետո դաշինքին անդամակցած երկրներից դուրս հանելու պահանջները:
Պուտինը Մակրոնին հավաստիացրել է, որ Մոսկվան ամենայն ուշադրությամբ կվերլուծի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի պատասխանները և միայն դրանից հետո կորոշի հետագա անելիքը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել Եվրոպայի անվտանգությանն առնչվող հարցերի համապարփակ քննարկումը:
Խոսելով Ուկրաինայի հիմնախնդրի մասին, Պուտինը Մակրոնին ասել է, թե «Կիևի համար անհրաժեշտ է երկխոսություն հաստատել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հետ և ընդունել Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելու գաղափարը»:
Պուտինը և Մակրոնը պայմանավորվել են շարունակել ուկրաինական խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքը «Նորմանդյան ձևաչափով»:
Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները նաև քննարկել են համագործակցությունը միջուկային էներգետիկայի բնագավառում: