Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը նշել է, որ եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի աշխատանքը կարգելափակվի:
«Մտադիր չեմ մանրամասներ հայտնել, մենք հարցը քննարկելու ենք Գերմանիայի հետ և կապահովենք, որ այդ ծրագիրն արգելափակվի»,- ասել է պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:
«Հյուսիսային հոսք-2» գազատարը Եվրոպայի ամենավիճահարույց տնտեսական խոշոր նախաձեռնություններից մեկն է:
Ուկրաինան շրջանցող գազատարն անցկացվել է Բալթյան ծովի հատակով, և դրանով պետք է կրկնապատկվի Ռուսաստանից Գերմանիա փոխադրվող վառելիքի ծավալը:
Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան տարիներ շարունակ պնդել են, որ այդ գազատարի շահագործման դեպքում էներգակիրների մատակարարման հարցում Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի կմեծանա:
Ռուսաստանը պնդում է, որ դա սոսկ տնտեսական նախաձեռնություն է, որը չունի քաղաքական նպատակներ: Գերմանիան չի հրաժարվել գազատարից:
Այս խնդիրը՝ հատկապես Ուկրաինայի շուրջ ճգնաժամի բորբոքման պարագայում, համարվում է արտաքին քաղաքականության ասպարեզում Գերմանիայի նորընտիր կանցլեր Օլաֆ Շտոլցի առաջ ծառացած առաջին լուրջ մարտահրավերը: