Մատչելիության հղումներ

ՔՊ-ում հակված են, որ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը «հնարավորինս օբյեկտիվ քննի 44-օրյա պատերազմի հանգամանքները»


Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյան («Քաղաքացիական պայմանագիր»)
Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյան («Քաղաքացիական պայմանագիր»)

8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների պաշտոնական մեկնարկից հետո օրակարգի գլխավոր հարցերից մեկը կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծումը, որի աշխատանքներին կմասնակցեն նաև արտախորհրդարանակն ուժերը, երեկ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր կազմի նիստից հետո մանրամասներ է հաղորդում պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Ընդ որում, նրա խոսքով, ըստ անհրաժեշտության կարող են նաև օրենսդրական փոփոխություններ լինել. - «Կարող են արտախորհրդարանական ուժերը, եթե գանք ջենտլմենական համաձայնության, գուցե հենց փորձագետների կամ հրավիրյալ անձանց շրջանակում լինեն։ Եթե ոչ, ԱԺ կանոնակարգը կանոնակարգը Աստվածաշունչ չէ, և կարող են մեր ընդդիմադիր գործընկերները կամ հենց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարող է փոփոխություններ առաջարկել։ Մենք հակված ենք, որպեսզի այս հանձնաժողովը հնարավորինս օբյեկտիվ քննի 44-օրյա պատերազմի հանգամանքները և հնարավորինս ներառական լինի»։

Գաբրիելյանի խոսքով, մի շարք արտախորհրդարանակոն ուժերի ներկայացուցիչներ արդեն վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումների ժամանակ հայտնել են, որ ցանկանում են ընդգրկվել այդ հանձնաժողովի աշխատանքներում, ինչին «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ է. - «Իմ ունեցած տեղեկություններով, նաև հենց էդ արտախորհրդարանական ուժերի արած առաջարկներից մեկն է եղել»։

Այնուամենայնիվ, այս պահին կան իրավական խոչընդոտներ։ Նախ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ կան հարուցված հազարից ավելի քրեական գործեր, ինչպես նաև օրենսդրական արգելք անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող տեղեկությունները դուրս հանել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամների շրջանակից։ Ինչպե՞ս է «Քաղաքացիական պայմանագիրը» պատկերացնում գաղտնի հարցերի շուրջ քննարկումը Հայաստանի տասնյակ արտախորհրդարանական ուժերի հետ։

«Ըստ էության, այդ ընտրությունը լինի այն ուժերի միջև, որոնք մասնակցել են խորհրդարանական ընտրություններին»։ Խորհրդարան անցած երկրորդ ուժի՝ «Հայաստան» դաշինիքի ներկայացուցիչները ևս արդեն քննարկել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հարցը, ունեն արդեն ճշտված դիրքորոշում, որի մասին կհայտարարեն ամենայն հավանականությամբ արդեն վաղը, տեղեկացանք 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանից։

Խորհրդարան չանցած «Լուսավոր Հայաստան»-ում դեռ կքննարկեն ու կորոշեն մասնակցե՞լ ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ, նման առաջարկ ստանալուց հետո։ Մինչ այդ Գևորգ Գորգիսյանը հիշեցնում է, որ պատերազմից անմիջապես հետո «Լուսավոր Հայաստան»-ն առաջինն է նման առաջարկ հնչեցրել, միայն ոչ թե Ազգային ժողովի քննիչ, այլ փոքր-ինչ տարբերվող ձևաչափով աշխատող պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ. - «Բայց հիմա իրենք որոշել են ստեղծել քննիչ հանձնաժողով։ Ի՞նչ է դա նշանակում։ Քննիչ հանձնաժողովը լինելու է Ազգային ժողովի կազմից բաղկացած հանձնաժողով՝ համամասնորեն ըստ Ազգային ժողով անցած ուժերի։ Այսինքն՝ մեծամասնությունը լինելու է «Քաղաքացիական պայմանագիրը», ինչ-որ մի տոկոսով Քոչարյանի դաշինքից, ինչ-որ մի տոկոսով Սերժ Սարգսյանի ուժից։ Այսինքն՝ Արցախը տանուլ տալու մեջ մեղավոր երեք ուժերը քննելու են, թե ով է իրենցից ավելի մեղավոր։ Սրա քննությունը ակնհայտ է, որ որևէ օբյեկտիվ բան իր մեջ չի պարունակելու»։

Գորգիսյանը վստահ է, որ այդպես խորհրդարան անցած 3 ուժերը փորձելու են մեղքը բարդել մեկը մյուս վրա, արդյուքում տուժելու է հանրությունը։

Այնուամենայնիվ, եթե խորհրդարանում տարբերակ գտնեն քննիչ հանձնաժողովում ներգրավելու նաև արտախորհրդարանակն ուժերի ներկայցուցիչներին, և «Լուսավոր Հայաստան»-ում որոշեն մասնակցել այդ աշխատանքներին, Գորգիսյանն ասում է հետապնդելու են 3 նպատակ. - «Ինչպե՞ս էին ընթանում բանակցությունները մինչև պատերազմը։ Ինչպե՞ս էր ընթացել բանակի պատրաստումը պատերազմին՝ զինումը, կահավորումը և այլն, մինչև պատերազմը։ Պատերազմը սկսելու պահից արդեն ինչպե՞ս էր ընթացել զորահավաքը, ինչպե՞ս են ընթացել մարտական գործողությունները, ինչպե՞ս էին կարգավորվել դրանք»։

XS
SM
MD
LG