Թեև Հայաստանում 2021 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը համաշխարհային միջինից (43) բարձր է, արդեն 49 միավոր, այնուամենայնիվ վերջին մեկ տարում երկրում համաթվի բարելավման առումով առաջընթաց չի եղել։
Կոռուպցիայի ընկալման համաթիվն ուսումնասիրվում է աշխարհի 195 երկրներից 180-ում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության կողմից։
Եթե 2017-ին և 2018-ին Հայաստանի միավորը ընդամենը 35 էր, ինչը համարվում էր խիստ մտահոգիչ, ապա 2019-ին արդեն 42 էր, 2020-ին՝ 49, 2021-ին կրկին նույնը։
«2021 թվականին ոչ մի առաջընթաց չի գրանցել ։ Երկու տարիների ընթացքում բավական մեծ աճ գրանցեց, ընդ որում, եթե 2012-13 թվի հետ համեմատում ենք, աշխարհի ամենաբարձր աճ գրանցած երկրներից էր», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
«Թրանսփարենսի ինթերնեշնլը», ամփոփելով աշխարհում վերջին 10 տարվա զարգացումները, Հայաստանը ներառել է միանգամից ամենաարգ աճը գրանցած երկրների շարքում։ Վարուժան Հոկտանյանի խոսքով, Հայաստանի գրանցած թռիչքը հեղափոխությունից հետո զարմանալի չէր և արտացոլում էր հարցումներին մասնակցողների դրական սպասումները. - «Մարդիկ սպասում էին, որ լավ կլինի, և համաթիվը բարձր էր։ Հիմա արդեն այդ ժամանակահատվածը, ինչպես տեսանք, անցել է, ու արդեն ավելի կոնկրետ փաստերով կսկսեն ընկալել կոռուպցիայի իրավիճակը մեր և' գործորարները, և' տեղական, միջազգային փորձագետները։ Երկրորդը, եթե հիշում եք, 2018-19 թվականներին բավականին լուրջ ինչ-որ քայլեր արվեցին, սկսվեց ինչ-որ բան, որը, այլ հարց է՝ ճիշտ էր թե սխալ, բայց արվել էր»։
Հնարավո՞ր է Հայաստանը այլևս չկարողանա բարելավել դիրքերը կուռապցիայի ընկալման սանդղակում ու գնա լճացման ճանապարհով, քանի որ վերջին 2 տարիներին առաջընթաց չունի։ Մասնագետների կարծիքով, իշխանությունները պետք է նոր թափ հաղորդեն բարեփոխումների օրակարգին ու կոռուպցիայի դեմ պայքարին։
«Իմ կարծիքն եմ հայտնում՝ լուրջ տնտեսական, քաղաքական և սոցիալական բարեփոխումներ ես առայժմ չեմ տեսնում։ Դրա համար էլ մենք ունենք այս իրավիճակը։ Գնալ իսկապես լուրջ, ռադիկալ բարեփոխումների, որի արդյունքում որպես ածանցյալ, որովհետև արդեն իսկ ինստիտուցիոնալ, իրավական հիմքերը կան», - ասաց Հոկտանյանը։
Նրա նշած իրավական հիմքերը հակակոռուպցիոն ընդարձակ հնարավորություններով մարմինների ստեղծումն է։ Դրանց մի մասը Հայաստանում արդեն գործում է, ինչպես Հակակոռոպւցիոն կոմիտեն։ Իսկ մասնագիտացված դատարանը ակնկալվում է, որ աշխատանքը կսկսի մայիսին. - «Եթե դու ստեղծում ես այդպիսի մարմին կամ մարմիններ, ապա պետք է նաև այնպիսի քայլեր անես, որ այդ մարմինները է'լ ավելի, ինչպես Սինգապուրում եղավ, բարելավեն իրավիճակը։ Իսկ եթե չկան ռեֆորմներ, ինչպես Ուկրաինայում, լուրջ ռեֆորմներ չկան, ինչքան ուզում ես դու մարմիններ ունեցի»։
Հարավային Կովկասում Հայաստանից ավելի լավ դիրքում է Վրաստանը, որն ունի 55 միավոր։ Ընդ որում Սաակաշվիիլի օրոք բարեփոխումներ արած Վրաստանը հակակոռուպցիոն հատուկ մարմիններ չի ստեղծել։ Տարածաշրջանում մյուս երկներից Թուրքիայի միավորը 38 է, որն այդ երկրի երբևէ ունեցած ամենացածր ցուցանիշն է։ Ադրբեջանն ունի 30 միավոր, Ռուսաստանը՝ 29-ը, Իրանը՝ 25 միավոր:
«Թրանսփարենսի ինթերնեշնլը» իր ամենամյա զեկույցում առաձնացնում է նաև գոլբալ միտումները. աշխարհում մարդու իրավունքները և դեմոկրատիան գրոհների են ենթարկվում, ընդ որում մասնագետները ուղիղ կապ են տեսնում կոռուպցիայի ու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի միջև։
Արձանագրվել է, որ 2020 թվականին կատարված իրավապաշտպան ակտիվիստների սպանության 331 դեպքերի 98 տոկոսը տեղի է ունեցել այն երկրներում, որտեղ կոռուպցիայի ընկալման համաթիվը 45-ից ցածր է։ Ընդ որում, 50-ը համարվում է կարմիր գիծ, դրանից ցածր միավորով երկրները ունեն չլուծված համակարգային խնդիրներ։