Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն Ազգային ժողով է ներկայացրել հրաժարականի դիմումը։
Նախագահին ընտրում է խորհրդարանը, և Սահմանադրության 142-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 147-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանի ընտրած կամ նշանակած պաշտոնատար անձինք (վարչապետից ու վճռաբեկ դատարանի դատավորներից բացի) հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։
Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, այդ պաշտոնյան գրավոր դիմումով հետ է վերցնում իր առաջին դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ըստ Սահմանադրության 144-րդ հոդվածի, Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Այսինքն, եթե Արմեն Սարգսյանը յոթ օրվա ընթացքում հետ չվերցնի դիմումը, նախագահի լիազորությունները մինչև նորի ընտրությունը կկատարի Ալեն Սիմոնյանը։
Մայր օրենքի 126-րդ հոդվածը կարգավորում է նախագահի արտահերթ ընտրությունը։ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում՝ նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Ամենայն հավանականությամբ, նոր նախագահի ընտրությունը կարող է տեղի ունենալ փետրվարի 25-ից սկսած տասն օրվա ընթացքում։
125-րդ հոդվածը սահմանում է ընտրության կարգը։ Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Սա նշանակում է, որ իշխանությունից բացի ընդդիմությունը ևս կարող է թեկնածու առաջադրել։
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն պահանջվում է 81 ձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 պատգամավոր, սա նշանակում է, որ առաջին փուլում միայնակ չի կարողանա ընտրել նախագահ։
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, այս դեպքում պահանջվում է 65 ձայն, որը իշխող խմբակցությունը արդեն կարող է ապահովել։
Եթե այս անգամ էլ Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 54 քվե:
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է նոր ընտրություն:
Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: