Իրավիճակն Ուկրաինայի շուրջ մնում է լարված, Ռուսաստանը հետ չի քաշում իր զորքերը սահմանից, ավելին՝ նոր սպառազինություն և ուժեր է տեղափոխում Բելառուսի տարածք, որտեղ Ուկրաինայի սահմանի մոտ պատրաստվում է ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ անցկացնել։
Ուկրաինայի նախագահը կոչ է անում Միացյալ Նահանգներին ու եվրոպացիներին մինչև հարձակումը պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, ԱՄՆ պետքարտուղարը, սակայն, CNN-ին ասել է, թե Ռուսաստանի դեմ կանխարգելիչ պատժամիջոցների սահմանումը կխաթարի դրանց զսպող էֆեկտը․ - «Երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, այդ պատժամիջոցների նպատակն է զսպել ռուսական ագրեսիան։ Ուստի եթե դրանք հիմա սահմանվեն, մենք կկորցնենք զսպող ազդեցությունը»։ Ընդ որում, Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ եթե Ռուսաստանն այնուամենայնիվ զորք մտցնի Ուկրաինա, պատասխանը շատ կոշտ կլինի:
Մինչև Ուկրաինա հնարավոր ներխուժումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հունվարի 21-ին The Washington Post-ին տված հարցազրույցում: Զելենսկու կարծիքով՝ պատժամիջոցները պետք է ավելի շուտ սահմանել, քան «մենք կկորցնենք Ուկրաինայի ամբողջ տարածքը»:
Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումների մասին Արևմուտքն ահազանգում է անցած տարվա աշնանից։
Պաշտոնական Լոնդոնը, մինչդեռ, հանգստյան օրերին հայտարարել էր Ուկրաինայի դեմ ռուսական մի քանի սցենարների մասին։
Մասնավորապես, Կրեմլը դիտարկում է Գերագույն Ռադայի նախկին պատգամավորին Կիևում իշխանության բերելու հնարավորությունը՝ միաժամանակ քննարկելով Ուկրաինայի օկուպացիայի հնարավորությունը։ Նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ռուսաստանի դեսպանատանը այդ տեղեկությունը «հիմար սադրանք» են անվանել։
Շաբաթ օրը հրապարակված Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե Մոսկվան որպես իր թեկնածու դիտարկում է Գերագույն Ռադայի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր Եվգենի Մուրաևին: 45-ամյա քաղաքական գործիչը 2019 թվականին իր թեկնածությունն էր առաջադրել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններում նույն տարում գլխավորել է կուսակցության նախընտրական ցուցակը, սակայն հավաքելով ձայների 3 տոկոսը՝ չի կարողացել հաղթահարեկ անցողիկ շեմը:
Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանը կապեր է պահպանում Ուկրաինայի կառավարության մի քանի նախկին անդամների հետ՝ նրանց հետ քննարկելով նաև Ուկրաինայի տարածքի վրա հարձակման սցենարը:
Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հայտարարությունում ասվում է, որ նախարարության հրապարակած տեղեկատվությունը «պատկերացում է տալիս Կրեմլի մտադրությունների մասին»։
Բրիտանական տաբլոդիներն էլ հայտնում են, թե այս տվյալները կառավարությունը ստացել է արտաքին հետախուզության MI-6 ծառայությունից: