Բակում խորհրդային դեղին «Վոլգա» տաքսիներն են, իսկ դռնից ներս՝ Սովետական ակումբը։ Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը տարիներ շարունակ հավաքել է Խորհրդային միությանն առնչվող ամենատարբեր իրեր, տեղափոխել Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող մետաքսի նախկին գործարանին կից տարածք, որտեղ էլ բացել է ակումբը։
«Մենք փորձում ենք ստեղծել ժամանակի մեքենա։ Մարդը երբ փողոցից մեզ մոտ է մտնում, վիզուալ չպիտի տեսնի, թե դրսում ինչ է կատարվում։ Այն Երևանը, որ մենք կորցրել ենք 70-80 ականներին և բոլորի հուշերում է մնացել, այդ թվում՝ իմ, հիմա մենք փորձելու ենք դա իրականացնել, որովհետև չի կարելի միայն լուսանկարներով, հուշերով ապրել, հիշել, ֆիլմեր դիտել՝ «վայ, մեր Երևանը ինչ լավն էր, ոնց փոխվեց»: Իհարկե, Սովետական միությունը անթերի երկիր չէր, նաև թերություններ կային, բայց այդ ամեն ինչը չի կարելի ուղղակի տենց կտրել, ասել՝ մենք տենց երկիր չենք ունեցել: Մեր ակումբի յուրօրինակությունը նաև նրա մեջ է, որ ամեն ինչի կարող ենք ձեռք տալ, ապակու հետևում չի, թանգարանային ֆորմատով չի։ Այսինքն ցուցադրված բաժակով կարող ենք հյութ խմել, ռեստորանների սպասքով ենք մենք սպասարկվում՝ դանակը, պատառաքաղը, ամեն ինչ», - ներկայացրեց Բիանջյանը։
Ակումբը, որտեղ երաժշտությունը ևս խորհրդային է, մի քանի սրահներ ունի. Հաղթանակ զբոսայգուց բերած ատրակցիոնների, որտեղ կարող են 15 կոպեկով 40-50 տարվա պատմություն ունեցող խաղեր խաղալ, մեկ այլ սրահում հյուրերը կարող են հեռուստացույց դիտել, հավաքներ կազմակերպել, այդ սրահը կոչվում է «Իլյիչի»:
«Էստեղ բոլոր Իլյիչներն են՝ Բրեժնևը, Վլադիմիր Իլյիչը՝ մի քանի օրինակից: Այստեղ մեր միջոցառումներն են անցկացվում, շատ մարդիկ այստեղ ծնունդներ են նշում, արդեն մի քանի առիթ ունեցել ենք», - նշեց լուսանկարիչը:
Ակումբի սանհանգույցը ևս խորհրդային է. սալիկները չեխական են, ծորակը՝ ֆիննական:
Այստեղ նաև սովետական խանութ կա՝ խորհրդային դրամարկղով։ Վաճառվում են այնպիսի իրեր, որոնք տեղափոխում են անցյալ, հիշողություններ արթնացնում. «Մենք այստեղ ցուցադրել ենք, օրինակի համար, «Տրոյնոյ օդիկոլոնը», հիմա արտադրվում է սա նույն գործարանի կողմից, նույն հոտով, բայց արդեն հիմա, այս օրերում, մենք իրան վաճառքի ունենք, հատուկ պայմանագիր ենք կնքել այդ ֆիրմայի հետ, որ իրենք մեզ մատակարարեն այս ամեն ինչը: Բացի դրանից մենք ցուցադրում ենք, օրինակ, նույն «Սաշա» օդիկոլոնի հիմիկվա տարբերակը և սովետականը»:
Ակումբի ճաշացանկը պարզ է, ինչպես կոմունիստների ժամանակ, գները ևս «կոմունիստական» են. - «Շատերը կատակում են, ասում են՝ «ձեր ուտելիքն էլ է սովետական ժամանակաշրջանից մնացած»:
Իսկ ինչո՞ւ Խորհրդային միության փլուզումից հետո 30 տարի անց կրկին վերհիշել այդ ժամանակները. «Մարդիկ կարոտ են, կարոտ են ոչ թե Ստալինին, Լենինին, շատերը շփոթում են, որ սա ինչ-որ կարող է քաղաքական....., ոչ, սա պատմություն է: Ես միշտ ասում եմ՝ սա իմ մանկության վերարտադրությունն է, ես շատ լավ մանկություն եմ ունեցել, եթե մնացածը կվիճեն իմ հետ, որ չէ, հիմա ավելի լավ է, դա իրենց խնդիրն է, բայց միշտ կրկնում եմ՝ եկեք համեմատենք խորհրդային շրջանի մուլտիպլիկացիոն ֆիլմերը և հիմա մենք ինչ ենք ցուցադրում հեռուստատեսությամբ»:
Այս ակումբը գրավում է ոչ միայն խորհրդային ժամանակաշրջանում ապրած մարդկանց, այլև երիտասարդներին, որոնց հետաքրքրում է, թե ինչ կյանքով են ապրել իրենց ծնողները։