Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմությանը չի բավարարել Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը Ադրբեջանի հայտարարությանը


Խորհրդարանական ընդդիմությանը չի բավարարել Հայաստանի արտաքին գերատեսչության արագ արձագանքը Ադրբեջանի հայտարարությանը, թե սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասում է՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի դեմ ուղղված ռազմատենչ ու վիրավորական հայտարարություններին շաբաթներով արձագանք չի լինում, իսկ այս դեպքում պաշտոնական Երևանը ժամերի ընթացքում հայտարարեց, որ նախապայման չունի և օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը։

«Հայաստանը ուներ մի փոքր կռվանի հնարավորություն, մայիսից՝ հեսա կլինի մի տարի, ադրբեջանական, ըստ որոշ տեղեկությունների, նաև թուրք զինյալները մեր սուվերեն տարածքում են, դրան գումարվեց նոյեմբերի 16-ի իրադարձությունը: Եվ գործընթացը սկսելուց առաջ Հայաստանն ուներ մեկ տարբերակ՝ ասել՝ ապահովեք մեր սուվերեն տարածքների անքակտելիությունը, այլ կերպ ասած՝ մեր հողից դուրս եկեք, նոր կսկսենք այդ գործընթացը: Ի՞նչ է ասում հայկական ԱԳՆ-ն, հայկական ԱԳՆ-ն ասում է՝ չէ, գործընթաց սկսում ենք, բայց եկեք ամեն դեպքում մեր սուվերեն տարածքից դուրս եկեք էլի», - նշեց Մամիջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը գործընթացի մասին իշխանությանը շատ հարցեր ունի։ Ասում է՝ երեկ խորհրդարան - կառավարություն հարցուպատասխանին արտգործնախարարի հայտարարությունները ավելի շատ հարցեր են առաջացնում։ Ինչպե՞ս են, օրինակ, խորհրդային քարտեզներով ու հայելային եղանակով զորքերը հետ քաշելու և միաժամանակ ապահովելու հայկական գյուղերի անվտանգությունը։

«Այն, ինչի մասին երեկ խոսում էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այդպես էլ իմ համար հասկանալի չդարձավ ու կարծում եմ՝ նաև մեր քաղաքացիների», - ընդգծեց Մամիջանյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ սահմանազատման հետ կապված այս հարցերի պատասխանները ԱԳՆ -ի տիրույթում են, բայց երկրորդում է երեկ ԱԺ ամբիոնից Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե գյուղերն անվտանգ են լինելու։ Իշխող պատգամավորի համար, անընդունելի է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այդ հանգամանքի վրա:

«Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը իր գործողություններով խաթարում է պրոցեսը, բայց սա չի նշանակում, որ գործընթացները կանգ են առել և չի նշանակում, որ հայկական կողմը չի շարունակելու աշխատել խաղաղության հաստատման և այս սահմանազատման ու սահմանագծման գործընթացի սկսման մեկնարկի համար: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, ռուսական կողմի հետ և նրանց միջոցով թերևս շարունակելու ենք փոխանցել առաջարկությունները», - ասաց Հովհաննիսյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG