Պատերազմի ավարտից ավելի քան մեկ տարի անց համանախագահները Ստեփանակերտ չեն այցելել, չնայած ծրագրեր, ինչպես Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն էր հայտարարել, ունեցել են։
«Հարցը լուծված է, մենք այն լուծել ենք նրանց փոխարեն, նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան հակամարտությամբ», - մի քանի օր առաջ այս հայտարարություններով Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հարցով զբաղվող ԵԱՀԿ միջնորդներին թոշակի էր ուղարկում։
Եվ ահա ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչի Ալեքսանդր Լուկաշևիչը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարում է՝ Ռուսաստանը մտահոգված է, որ ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի միջնորդները 44-օրյա պատերազմից հետո չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ:
«Մեզ մտահոգում է այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մինչև օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրադրությանը և նախանշել հստակ քայլեր՝ աջակցելու կողմերին մարդկանց միջև շփումներ հաստատելու, մարդասիրական խնդիրներ լուծելու և որոշ այլ հարցեր կարգավորելու գործում», - հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։
«Ադրբեջանի «շնորհքն» է, որ Մինսկի խմբի համանախագահներն առ այսօր Արցախ չեն այցելել, արգելափակում է,» - հայտարարում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ քննադատելով միջազգային կառույցներին մարդու իրավունքները Ադրբեջանից հնչող կարծիքներին ստորադասելու համար. - «Ալիևի վերջին շրջանի հայտարարություններից ու ծաղրանքից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդեպ, իմ կարծիքով, ժամանակն է, որ այս երկրները արդեն միակողմանիորեն արբիտրի սկզբունքով, առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու, ոչ միայն այցելեն Արցախ, այլ նաև ճանաչեն Արցախի անկախությունը, կամ գոնե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը»։
Ռուսաստանցի դիվանագետի հայտարարությունների հասցեատերը Իլհամ Ալիևն է
Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ ռուսաստանցի դիվանագետի հայտարարությունների հասցեատերը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը «անիմաստ» համարող Իլհամ Ալիևն է։ Ղարաբաղյան հարցով զբաղվելու՝ Մինսկի խմբի փորձերը խափանելու մասին խոստումներից բացի, Ալիևը նաև սպառնում էր Հայաստանին։ Երևանից ուղիղ պատասխան չհնչեց, միայն անուղղակի, առանց կոնկրետության ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Պապիկյանը կոչ արեց կազմակերպությունում լեհական նախագահությանը ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը և ուղերձ հղել Ադրբեջանին, որ ուժի շարունակական կիրառումը չի կարող հանդուրժվել։
«Հայաստանից Ալիևին չարձագանքելու պայմաններում ՌԴ-ն է անդրադառնում իրավիճակին», - նկատում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով. - «Այս պահին չկա մեր համար ավելի էֆեկտիվ ֆորմատ, որտեղ կարող ենք մենք մտնել և սպասել, որ կարող ենք ունենալ շատ ավելի լավ արդյունք։ Թուրքիան, Ադրբեջանը անընդհատ փորձում են այդ հարցը տանել, օրինակ, 3+3-ի մակարդակ, փորձում են տանել այնպիսի ձևաչափեր, որտեղ Հայաստանի շահը բավականին դժվար է լինելու առաջ մղել։ Եվ այս պայմաններում կարևոր եմ համարում, որ Ռուսաստանը ևս գործընթացի շարունակականությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»։
«Երկխոսության վերածելը, Բաքվից հնչած ամեն անհեթեթ հայտարարությանը պատասխանելը Հայաստանին կդնի Ադրբեջանի հետ նույն հարթության վրա». - «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անուշ Բեղլոյանն այսպես է բացատրում իշխանության լռությունը։ Իսկ տարածաշրջան այցելելու խոչընդոտները, կարծում է, ժամանակավոր են. - «Ադրբեջանը որևէ ձև չի կարող խուսափել խաղաղ բանակցություններից, և Ղարաբաղյան հակամարտության հարցը փակված միջազգային հանրությունը երբեք չի համարի, քանի որ Ադրբեջանը փորձել է այն լուծել կոպիտ ուժի, ռազմական ուժի կիրառմամբ, ինչը հակասում է ՄԱԿ-ի խարտիային և միջազգային անվտանգության համակարգին»։
Չնայած Երևանի պնդումներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից հնչող հայտարարություններին, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցը դեռ պետք է որոշվի, Բաքուն մեկ տարուց ավելի առարկայական բանակցությունների չի գնում։ Հետպատերազմյան հանդիպումներ են անցկացրել միայն արտգործնախարարները։
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը երեկ ասել է, թե կան լավատեսության հիմքեր. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների վերջին հայտարարությունները հիմք են տալիս մտածելու, որ, այդուամենայնիվ, կհաջողվի հակամարտության գալարագիծը հաղթահարել և երկխոսություն սկսել, որը կօգնի փնտրել փոխզիջումային, երկու կողմերի համար ընդունելի որոշումներ»։
Ռուսաստանցի դիվանագետն ասել է, որ կողմերը, իր կարծիքով, ունեն այդ քաղաքական կամքը։
«Ազատությունը» Հայաստանի արտգործնախարարությունից հետաքրքրվեց, թե ինչ հիմք ունի ռուսաստանցի դիվանագետի լավատեսությունը, նախատեսվո՞ւմ է Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան, և կա՞ արդյոք միջնորդների հովանու ներքո ղարաբաղյան կարգավորման հարցով Փաշինյան-Ալիև բանակցություններ անցկացնելու պայմանավորվածություն։ Ո'չ ղեկավարների հանդիպման պայմանավորվածություն, ո'չ էլ համանախագահների տարածաշրջանային այցի ժամկետներ չկան, փոխանցեց ԱԳ խոսնակ Վահան Հունանյանը՝ կրկին վերահաստատելով Երևանի պատրաստակամությունը հանդիպելու ադրբեջանական կողմի հետ՝ Մինսկի խմբի հովանու ներքո: